Անօրեն տնօրենի մեջքը մարզպետը չէ

Տեղեկացնեմ մեր հասարակությանը, որ Արարատի մարզպետ պարոն Աբրահամյանի հրամանով աշխատանքից ազատվել է մարզի Նոր կյանք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանը:
Ազատման հրամանի հիմքում դրված են ԿԳՆ Կրթության պետական տեսչության կողմից դպրոցում իրականացված ստուգումների արդյունքները, ըստ որոնց, մասնավորապես, տնօրենի հավաստագրման վերապատրաստում անցնելու համար Արամ Ստեփանյանի ներկայացրած որոշ փաստաթղթերում առկա է կեղծիք՝ չի բավարարում վերջին 10 տարում 7 տարվա մանկավարժական ստածը:
Այս դեպքը բացառիկ է այն առումով, որ, ի տարբերության որոշ մարզպետների, Արարատի մարզպետը ի սկզբանե կանգնած է եղել ուսուցիչների բողոքի կողքին և պաշտպանել է գյուղի երեխաների կրթության օրինական կազմակերպման գործընթացն ու արդարությունը, ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է նախկին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի դպրոցի աշխատակիցները բողոքում էին դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանի դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով, տնօրենը ոչինչ չի հասկանում կրթության գործընթացից և նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է ուսումնական պլանը:
«Դեպքեր գիտեմ, որ այդ մեջքերը տեղյակ էլ չեն, որ իրենք մեջք են: Պարոն վարչապետ, դուք մե՞ջքն եք, նախարար, դուք մե՞ջքն եք: Ինչպե՞ս Արարատի մարզպետարանի կրթության վարչությունը թույլ տվեց, որ այդ մարդը հայտնվի այդ աթոռին», – ասել էր Անահիտ Բախշյանը, ով պայքարում էր աշխատակիցների իրավունքների համար: