Նոր հանձնաժողովի ստեղծման քննարկմանը ներկա են մարտի մեկի զոհերի հարազատները
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հանձնաժողովի անդամների եւ 2008-ի մարտի 1-ին տասը զոհերի հարազատների մասնակցությամբ քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը` ստեղծել 2008-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող նոր ժամանակավոր հանձնաժողով:
Ներկայացնելով նախագիծը, ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ Սամվել Նիկոյանի գլխավորած նախին հանձնաժողովը միտված էր մարտի մեկի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքմանը, իսկ գործող հանձնաժողովի խնդիրը լինելու է պարզել տասը սպանությունների հրազենային եւ այլ վնասվածքներ հասցնելու հանգամանքներն ու պայմանները, պետական պաշտոնատար անձանց ունեցած առնչությունները, ոստիկանության, ՀՔԾ եւ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:
“Նոր հանձնաժողովը չի զբաղվելու նոր փաստերի հավաքմամբ, որպես կանոն, բայց եթե ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գան , դրանք կտրամադրվեն քննչական մարմիններին, բայց հանձնաժողովի հիմնական նպատակը այն է, որ պարզենք արդյո՞ք մեր իրավապահ մարմիները` ոստիկանությունը, ՀՔԾ-ն եւ գլխավոր դատախազությունը այս դեպքերին տվել են իրավական օրինական հիմնավոր գնահատական եւ մեր եզրակացությունը ներկայացնենք ԱԺ-ին”,-նշեց Գագիկ Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանը շեշտեց , որ չորս ու կես տարի է անցել բայց մինչ օրս Ազատության հրապարակում մարտի մեկի առավոտյան ոստիկանության եւ ներքին զորքերի գործադրած օպերացիան իշխանությունները չեն կարողանում ասել , թե իրենք գործել են արդյո՞ք այն ժամանակ գործող “Ժողովներ, ցույցներ եւ հավաքներ անցկացնելու մասին” օրենքի համաձայն , օպերատիվ հետախուզական գործողութո՞ւն էին կատարում, տեղանքի զննո՞ւմ, թե՞ քննչական գործողություն:
Նրա խոսքով, իշխանություններն այն ժամանակ էլ հիմա էլ ասում են, որ հանրահավաքները անցկացվում էին սահմանված կարգի խախտմամբ, բայց եւ մինչ օրս որեւէ ընդդիմադիր դրա համար չի դատապարտվել:
Ի սկզբանե, Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, Ազատության հրապարակում ձեռնարկված բոլոր գործողությունները ոստիկանության կողմից իրականացված ապօրինի գործողություններ են, որոնք չեն տեղավորվում օպերատիվ քննչական գործողությունների շրջանակներում:
Նոր հանձնաժողովի խնդիրը լինելու է արդեն իսկ տեղի ունեցած դեպքերի եւ հավաքված փաստերին տրված իրավական գնահատականի վերաբերյալ եզրակացություն կազմելը: Այդ եզրակացությունը, Ջհանգիրյանի խոսքով՝ պետք է քաղաքական մեծամասնությանը նաեւ ստիպի ինչ-որ քայլեր ձեռնարկել նաեւ պաշտոնանկությունների ուղղությամբ: