02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարինեն սպանել է սեքսով զբաղվելու առաջարկ արած հարևանին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 29-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին:

Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Այդ հոդվածով՝ դիտավորյալ սպանության համար նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Կարինեն վրդովվել է տուժող Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ անելու պատճառով:

Կարինեն նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:

Նա ամուսնու հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Անդրֆեդերացիայի առաջին նրբանցքի վերոհիշյալ տան նկուղային հարկի սենյակներից մեկում: Տուժող Կարենը հարևան սենյակում ապրող կենվորի հյուրն էր` խնդրել էր, որ մի քանի գիշեր մնա, քանի որ գնալու տեղ չէր ունեցել:
Դեպքի պահին Կարինեի ամուսինը աշխատանքի է եղել:

Դեպքից առաջ տուժող Կարենը «թոք-ջիգյար» էր գնել, Կարինեն ուտելիք էր պատրաստել նրա խնդրանքով, Կարենն ու նրան հյուրընկալած Գագիկը կերել ու խմել էին: Կարինեն նրանց համար նաև սուրճ էր եփել՝ ըստ վկա Գագիկի:

Նախաքննության ժամանակ Կարինե Սոբչենկոյի նկատմամբ նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն, Կարինեն ճանաչվել էր մեղսունակ:

Դատական քննության ընթացքում դատարանը բավարարել է Սոբչենկոյի շահերի պաշտպանի միջնորդությունը, նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ Կարինե Սոբչենկոն դարձյալ ճանաչվել է մեղսունակ, իսկ դատական հոգեբանը նշել է, որ փորձաքննվողը հանցանքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Սոբչենկոյի շահերի պաշտպանի միջնորդությամբ դատարանը հարցաքննեց փորձագետ Սեդրակ Թադևոսյանին: Նա «Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ է, առողջապահաության նախարարության՝ ստացիոնար դատահոգեբուժական միջգերատեսչական փորձաքննական հանձնաժողովի նախագահ:

Փորձագետը, պատասխանելով ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին, ասաց, որ փորձաքննվող Կարինե Սոբչենկոյի մոտ հայտնաբերվել է հետևյալը. «թեթև դեբիլություն, փսիխոպատանման վարքագիծ, անձի էմոցիոնալ անկայունության խանգարում՝ պրիմիտիվ անձ»:

Կարինե Սոբչենկոն հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում: Նա հոգեկան հիվանդագին խանգարման վիճակում չի գտնվել, չի ունեցել ցնորքներ ու զառանցանքներ:

Փորձագետը շեշտեց՝ «բարեբախտաբար» Կարինե Սոբչենկոյի մոտ հոգեկան հիվանդություն չի հայտնաբերվել:

Մարդկային տեսակետից՝ իհարկե, «բարեբախտաբար», բայց դիտավորյալ սպանության համար մեղադրվողի պաշտպանության տեսակետից պաշտպանը հենց փորձագետին հարցեր էր տալիս այն ուղղվածությամբ, թե ինչպե՞ս է, որ Կարինեի մոտ առկա է անձի էմոցիոնալ անկայունության խանգարում, բայց նա անմեղսունակ կամ գոնե սահմանափակ մեղսունակ չի ճանաչվել:

Փորձագետը բացատրեց, որ անձի էմոցիոնալ խանգարում ունեցող շատ մարդիկ վարում են ակտիվ կյանք, աշխատում են, դա հիմնականում բնութագրական հատկանիշ է: Դրա վրա իրենց ազդեցությունն են թողնում անձի ժառանգականությունը, դաստիարակությունը, կրթական մակարդակը, սոցիալական միջավայրը:

Կարինե Սոբչենկոն փորձագիտական հանձնաժողովի կողմից բնութագրվել է որպես «պրիմիտիվ անձ»:

Նա հաշվառման մեջ է եղել Վանաձորի հոգեբուժական կլինիկայում՝ անձի էմոցիոնալ խանգարում, թեթև դեբիլություն, փսիխոպատանման վարքագիծ ունենալու համար:

Փորձագետը Սոբչենկոյին հատուկ բացատրեց, որ «թեթև դեբիլություն, պրիմիտիվ անձ» արտահայտությունները բժշկական իմաստ ունեն ու որպես վիրավորանք ընկալել պետք չէ:

Կարինեի մոտ, ըստ փորձագետի, առկա են անզսպվածություն, անհամբերություն, դյուրագրգռություն, ինչու չէ՝ վարքային ագրեսիվ դրսևորումներ: Այս հատկանիշները հաճախ են հանդիպում անձի էմոցիոնալ անկայունության խանգարումներ ունեցողների մոտ:

Հանձնաժողովը մանրակրկիտ քննել է Կարինե Սոբչենկոյին և անմեղսունակության բանաձևի չափանիշներով նրան ճանաչել է մեղսունակ:

«Անմեղսունակության կամ սահմանափակ մեղսունակության մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծեց փորձագետը:

Շտապօգնությունում այս դեպքի կապակցությամբ կանչ է գրանցվել 2014 թվականի հունիսի 29-ին, ժամը 23-ն անց 56 րոպեին:

Տուժած Կարենը հիվանդանոց է ընդունվել 00 ժամ 25 րոպեին: Արձանագրվել է, որ հիվանդանոց նա ընդունվել է ծանր, անգիտակից վիճակում: Փորձագետը տուժողի վիճակը հիվանդանոց ընդունվելու ժամանակ անվանեց «շեմային վիճակ»: Կատարվել է ինտուբացիա, արյան փոխներարկում:

00 ժամ 55 րոպեին կատարվել է վիրաբույժի համայց, սկսվել է վիրահատություն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ