Սահակյանը նեղսրտե՞լ է Բիբինից

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումները հիմնականում պայմանավորված են դրամ-դոլար փոխարժեքի տատանումներով: Այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Կարծում եմ՝ բոլորդ էլ քաջատեղյակ եք, որ մոտ վաթսուն դրամով թանկացավ դոլարը, եթե վաթսուն դրամով բարձրացել է, ուրեմն բնական է, որ յոթ դրամը համակարգը պետք է վերցներ»,-նկատեց: Հարցին, թե ինչու ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Բիբինը չեկավ խորհրդարանական լսումներին, ԱԺ նախագահը նկատեց.
«Բիբինը հիմնարկի ղեկավար է, կարծում եմ՝ երկչնելու, ասելիքը հիմնավորելու չկարողանալու պատճառով չեկավ»: Դիտարկմանը՝ միգուցե իշխանությունների հետ պայմանավորվածություն կա՞ր, որ չգա, Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց՝ «կասկածողներն իրեն հարց չտան»: «Հիմնարկի տնօրենից ի՞նչ նեղանամ, էնքան մարդիկ կան, որ հրավիրում ենք, չեն գալիս, մենք հրավիրում ենք, ովքեր չեն գալիս, իրենց խնդիրն է»: Դիտարկմանը, որ օրեր առաջ Բիբինը հարցազրույցով է հանդես եկել՝ մեղադրելով ՀՀ կառավարությանը ոչինչ չանելու մեջ, ԱԺ նախագահը բնութագրեց որպես «գորշ, անիմաստ հայտարարություն»: «Ավելի կշռելի կլիներ որ ոչինչ չասեր, քան խոսեր»,-ասաց Սահակյանը:
Դիտարկմանը, որ ցանկացած թանկացում ժողովրդի եկամուտների հաշվին է լինում, Գալուստ Սահակյանը համաձայնեց. «Բա ժողովուրդն է ազգը պահում, դու գիտես Գալուստ Սահակյա՞նն է ազգը պահում»: