30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դոգի» մայրը դեղի փող չունի.Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալուհի Ա. Շ.-ից 1 միլիոն դրամ շորթելու վերաբերյալ գործի դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք հոգի են: Նրանցից կալանքի տակ է մեկը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը կազմակերպելու և ղեկավարելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանը, նույն ինքը՝ «Դոգ» մականունով նախկին ոստիկանը, ում անունը կապված էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ:

Վարդան Ղուկասյանը վերջին պաշտոնով եղել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալը:

37-ամյա Վարդան Ղուկասյանի հետ ամբաստանյալի աթոռին նստած են 30-ամյա Արթուր Մարգարյանը և 22-ամյա Հովհաննես Եսայանը: Երեքն էլ մեղադրվում են շորթման համար ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3.1 կետերով: Յուրաքանչյուրը, ըստ երևույթին, ունեցել է իր դերակատարումը…

Հովհաննես Եսայանը Կասկադի սրճարաններից մեկում հանդիպել է «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալուհու հետ, ներկայացել է որպես լրագրող ու հյուրանոցային համալիրի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 միլիոն դրամ: Եսայանը սպառնացել է տեղեկություններ հրապարակել այն մասին, որ նշված հյուրանոցային համալիրում նպաստում են մարմնավաճառությանը…

Բանակցությունների արդյունքում «կողմերը» համաձայնության են եկել 500  հազար դրամի շուրջ…

Դատարանում ճշտվեցին ամբաստանյալների կենսագրական տվյալները:

Արթուրը բարձրագույն կրթություն ունի, աշխատում է տաքսի ծառայությունում որպես օպերատոր: Նա ամուսնացած է, դեռ երեխա չունի, խնամքին՝ ոչ ոք, նախկինում դատված չի եղել:

Հովհաննես Եսայանը պետհամալսարանի՝ ոչ լրագրության, մեկ ուրիշ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է, ամուսնացած չէ:

Վարդան Ղուկասյանն ասաց, թե ՀՀ և ՌԴ քաղաքացի է, ամուսնացած չէ, իր խնամքի տակ է թոշակառու, հիվանդ մայրը:

Դատարանը հրապարակեց տուժող Ա. Շ.-ի դիմումը, որով նա հայտնել էր, որ իրեն պատճառված նյութական վնասը ամբողջությամբ վերականգնված է, ինքը բողոք, պահանջ չունի, չի առարկում, որ գործը քննվի արագացված կարգով, խնդրում է ամբաստանյալներին մեղմ պատժել:

Ամբաստանյալ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Գ. Մելիքյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա հայտնեց, որ նախաքննության ընթացքում կալանք է դրվել իր պաշտպանյալի գույքի ու դրամական միջոցների վրա:

Անշարժ գույքի վրա դրված կալանքը հետագայում հանվել է՝ ըստ պաշտպանի հայտարարության, իսկ դրամական միջոցները դեռ արգելանքի տակ են:

Պաշտպանը փաստաթղթեր ներկայացրեց այն մասին, որ Վարդան Ղուկասյանի մայրը հիվանդ է, նրան նշանակված են դեղամիջոցներ, սակայն նա չի կարողանում դրանք ձեռք բերել, քանի որ միակ խնամողը, տան միակ աշխատող Վարդան Ղուկասյանը կալանքի տակ է, կալանքի տակ են նաև Վարդանի դրամական միջոցները:

Հիվանդ մոր համար անհապաղ դեղեր պետք է գնվեն,  անհրաժեշտություն է առաջացել, որ Ղուկասյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացվի, մայրը կարողանա գումար վերցնել իր բուժման համար: Պաշտպանը նաև նշեց՝ եթե ամբողջ դրամական միջոցների նկատմամբ արգելանքը հանել հնարավոր չէ, ապա գոնե արգելանքից ազատվի 200  հազար դրամը:

Դատարանը պարզաբանեց, որ Վարդան Ղուկասյանին մեղսագրված հոդվածով որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է նաև գույքի բռնագրավում, այնպես որ ամբաստանյալի դրամական բոլոր միջոցների վրա դրված արգելանքը վերացնել հնարավոր չի լինի:

Բայց նկատի ունենալով, որ պաշտպանը նաև 200 հազար դրամի մասին էր նշել միջնորդության մեջ, դատարանը, կողմերին լսելով, հնարավոր համարեց Վարդան Ղուկասյանի դրամական միջոցներից 200 հազարի դրամի արգելանքը վերացնել:

Ամբաստանյալներից երկուսը՝ Հովհաննես Եսայանը և Արթուր Մարգարյանը, պատրաստ էին միջնորդություն անել գործն արագացված կարգով քննելու վերաբերյալ, ասել է թե՝ նրանք պատրաստ են իրենց լիովին մեղավոր ճանաչել:

Երրորդ ամբաստանյալը՝ Վարդան Ղուկասյանը, ասաց, թե դեռ չի կարող դիրքորոշում հայտնել, պետք է խորհրդակցի իր պաշտպանի հետ:

Որպեսզի ամբաստանյալը ճշգրտի իր դիրքորոշումը, նրան ժամանակ տրամադրվեց:

Հաջորդ դատական նիստի ժամանակ պարզ կլինի՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը Վարդան Ղուկասյանը և ցանկանո՞ւմ է, որ գործը քննվի արագացված կարգով:

Միայն երեք ամբաստանյալների միահամուռ ցանկության ու մեղքն ընդունելու հարցում միատեսակ դիրքորոշման դեպքում գործը կարող է քննվել արագացված ընթացակարգով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ