Չեն հավատում, որ նախագահը տեղյակ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով`վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը համատարած ստուգումներ է սկսել մի շարք տնտեսվարողների մոտ: Ըստ նույն տեղեկությունների` հարկային ծառայությունը տնտեսվարողների նկատմամբ իսկական «տեռոր» է սկսել, որի նպատակը ընկերություններին մեծ տուգանքների ենթարկելն է:
Սակայն ուշագրավն այն է, որ այդ ստուգումների թիրախում eն դարձել նաեւ ՀՀԿ-ականների բիզնեսները: Այսինքն`ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել: Իսկ դրանց արդյունքում կազմվող ակտերով նշանակվող տուգանքները ՀՀԿ-ականների համար լուրջ գլխացավի առարկա են դարձել, քանի որ նրանք սովոր չեն «անարդարության» եւ միշտ համոզված են եղել, որ իրենք ապահովագրված են նման ճակատագրից:
Թերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից հերթագրվում են՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ու իրենց հանդեպ տեղի ունեցող «անարդարության» մասին նրան տեղեկացնելու համար:
Այսինքն՝ ՀՀԿ-ականների մոտ համոզմունք կա, որ տեղի ունեցող գործընթացի մասին Սերժ Սարգսյանը կարող է տեղյակ չլինել: Ի դեպ, նա իրեն հենց այդպես՝ անտեղյակի պես էլ պահում է՝ միայն հայտնելով, թե կհրահանգի օբյեկտիվ լինել: Այսինքն՝ չստուգման կամ չտուգանելու խոստում Ս. Սարգսյանը չի տալիս:
Մեկ ամիս առաջ թերթը գրել Էր, որ իշխանությունները որոշել են առաջիկայում անգամ յուրայիններին տուգանելու միջոցով լցնել պետբյուջեն, քանի որ ոչ յուրայիններից այլեւս գումար «պոկելու» տեղ չի մնացել: Իսկ Էլ փող չկա:
Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: