Եռաբլուրում կբացվի Ազատամարտիկների թանգարանը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքը մշտապես բարեկարգվում է: Հաջորդ տարի էլ` 2016թ.-ին, հանրության առջև իր դռները կբացի նաև պանթեոնին հարող տարածքում ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառուցվող Ազատամարտիկների թանգարանը:
Նախագծային հաշվարկներին և իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 11-ին «Եռաբլուր» զինվորական պանեթոն է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը շրջել է պանթեոնում, տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ գերեզմանաքարերի շրջակա տարածքներում բարեկարգման աշխատանքներ և շաբաթօրյակներ կազմակերպելու, ըստ այդմ՝ ուխտատեղի դարձած Եռաբլուրի բարձունքը քաղաքացիների այցելությունների համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին հատկապես Ազատամարտիկների թանգարանի նախագծային-հաշվարկային աշխատանքները, որոնց կապակցութամբ մանրամասն տեղեկություններ ներկայացրին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, կառուցման աշխատանքներին ներգրավված ճարտարապետներն ու պատասխանատու այլ մասնագետները, ովքեր հավաստիացրին, որ շինարարական և կահավորման աշխատանքների ավարտից հետո երկհարկանի շինությունն ամբողջովին համահունչ կլինի ժամանակակից թանգարանային պահանջներին: Հատկանշական է, որ որպես զոհված հերոս հայորդիների քաջագործությունն ու սխրանքը վերաարժևորելու ևս մեկ կարևոր հարթակ՝ ազատամարտիկների թանգարանը կունենա գեղեցիկ ցուցասրահներ, ինչպես նաև տեսաֆիլմերի դիտասրահ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով: