ՀՅԴ-ՕԵԿ-ԲՀԿ. փոխադարձ սպառնալիքներ
_1433925148.jpg)
Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ՀՅԴ խմբակցությունն է: ԲՀկ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ձեռնպահ կքվեարկեն, քանի որ իրենց առաջարկներից որոշներն են միայն ընդունվել: ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը նշեց, որ անհրաժեշտ է հետաձգել նախագծի քվեարկությունը: Նա նաև կոչ արեց գործընկերներին ուշադիր լսել իր ելույթներն, ապա անցնել կոռեկտության սահմանները:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ու Բիշարյանը բավական բուռն բանավեճի ունեցան:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջարկները ոչ թե չեն ընդունվել, այլ առաջարկվել է լրացուցիչ քննարկել: Նա նշեց, որ 13-ից 8 առաջարկն ընտրվել է: «Մենք ոչ թե մերժել ենք, այլ ասել ենք՝ համընդհանուր քննարկման առարկա դարձնենք»: Պատգամավորը նկատեց, որ տարիներ առաջ այս երկու կարևոր հարցեր վերաբերյալ՝ Ընտրական օրենսգիրք և Հանրաքվեի մասին օրենք, ՀՅԴ-ն կրկին առաջարկներ էր ներկայացրել, սակայն ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այն ժամանակ դա մերժել են:
«Ես չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժի համար հասկանալի չէ, որ ԸՕ-ն չենք քննարկում, այլ հանրաքվեն ենք դրան առաջարկում հարմարեցնել»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԲՀԿ-ական Զոհրաբյանին զայրացրեց ՀՅԴ-ականի հիշեցումը: «Չեմ կարծում, որ տեղին է հիշեցնել ով երբ ինչին ինչ է քվեարկել: Եթե հիմա մենք սկսենք հիշեցնել, թե ով ինչ էր ասում այստեղ, ով ինչ քվեարկեց, հետո 180 աստիճանով փոխվեց, այսօր այստեղից դուրս չենք գա»,-շեշտեց Զոհրաբյանը: ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանն էլ սպառնաց ՀՅԴ-ին հիշեցնել նախկին քվեարկության մասին:
«Բավարար է սովորեցնել, թե ով ինչպես պետք է ձևակերպի իր քաղաքական մոտեցումները, բավարար է կպցնել պիտակավորումներ»: Ապա կազմակերպվեց քվեարկություն, և հարցն ընդունվեց 74 կողմ, 11 դեմ և 20 ձեռնպահ ձայներով: