Դատի է տվել Գալուստ Սահակյանին

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչու է երկար ժամանակ նա հրաժարվում շրջանառության դնել իր կողմից հեղինակած հայտարարության նախագիծը, որը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծին:
«Ուղղակի Դուք նման լիազորություններ չունեք՝ չդնեք շրջանառության մեջ, դա Ձեր պարտականությունն է: Ես այդ կապակցությամբ Ձեզ փորձել եմ դատի տալ, որպեսզի այդպես լուծվի խնդիրը, բայց դատարանները հրաժարվում են հարցը վերցնել վարույթ, կողմնապահությունից ելնելով: Ի՞նչն է պատճառը, որ խուսափում եք»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
«Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց խոցելի ենք մեզ համարում ՀՀ-ում: Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ հասարակության համար սպառնալիք»,-նկատեց Փոստանջյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց` Փոստանջյանի դիտարկումը ոչ թե հայտարարության տեքստ է, այլ դատավճիռ, որը ոչ միայն մի անձին է վերաբերում, այլ ընդհանրապես: «Իսկ դատարանը գործը կարճել է, որովհետև, ըստ երևույթին, անհեթեթություն է համարել»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Փոստանջյանը զգուշացրեց, որ դա այն բողոքներից է, որ տարիներ անց կգնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Վերջիվերջո, պե՞տք է մարդիկ պատասխան տան այս ամենի համար»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միմյանց հարգելու կոչ արեց: