Բանակի հացընկերը զորացրվելուց հետո վեճի պատճառով դաժանաբար սպանել է ընկերոջը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ավետիք Մնացականյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:
23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»:
Ավետիք Մնացականյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալ Ավետիքն ու տուժող Ալբերտը բանակային ընկերներ են եղել, «մի ամանից հաց են կերել», զինվորական կյանքի դժվարությունները միասին են կրել: Զորացրվելուց հետո շարունակել են հանդիպել, իրար հետ հաց կիսել…
Սպանությունը տեղի է ունեցել տուժող Ալբերտի շենքի հարևանությամբ գտնվող տաղավարում, որտեղ Ավետիքը, Ալբերտը ու նրանց երրորդ ընկեր Մամիկոնը հանդիպել, նստել էին՝ պարզաբանում կատարելու: Օրեր առաջ Ավետիքի ու Ալբերտի միջև վիճաբանություն էր եղել: Այն ժամանակ ևս ներկա էր գտնվել Մամիկոնը:
Հենց դանակահարության պահին Մամիկոնը մոտ 30 մետր հեռավորության վրա է եղել՝ գնացել էր մոտակա ցայտաղբյուրից ջուր խմելու: Տաղավարում նստածների կողմից նա, իր ասելով, աղմուկ չի լսել: Աղմուկ չեն լսել նաև շրջակա շենքերի բնակիչները, տաղավարի մոտով անցնող մարդիկ:
Դանակահարողն անմիջապես հեռացել է դեպքի վայրից: Շտապօգնություն է հրավիրվել, բուժքրոջ խոսքերով՝ «Տուժող երիտասարդը պառկած էր արյան մեջ կորած… Սիրտը լրիվ կտրատված էր, տամպոնները սրտի մեջ էինք մտցնում, որ արյունը կանգնեցնենք… Տուժողը բերանը բացում-փակում էր միայն: Կարելի է ասել՝ արդեն ողջ չէր, վերջին շունչն էր շնչում…»:
Տուժող Ալբերտի կյանքը փրկել հնարավոր չի եղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: