18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայրս սեղանատանն ընկած էր հատակին՝ արյան մեջ կորած

Տիգրանուհի Ֆարմանյանի պատմությունը

1918 թ., Արդահան

Եվգենիա Մինասյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Տիգրանուհի Ֆարմանյանի պատմությունը: Վերջինս ծնվել է Արդահանում և 8 տարեկանում տեսել, թե ինչպես է թուրքըսպանում հորը: Թուրքերը 2 ամիս կիսամերկ ու սոված են պահել հայերին, իսկ հետո աքսորել:

«Ամեն անգամ կարդալով անձնագրիս մեջ նշված ծննդյանս վայրը՝ Արդահան, թոռնիկներս չեն դադարում զարմանալ. ինչպե՞ս, տատիկը ծնվել է «Էրգրու՞մ»:Իսկ ես հիշում եմ, ամեն ինչ հիշում եմ այնքան հստակ ու որոշ, կարծես այդքան տարիներ չեն անցել: 1918թ. փետրվարին 15-ն էր: Կեսգիշերն անց էր, երբ արթնացա հրացանի պայթյունից: Տեղիցս վեր թռա ու վազեցի սեղանատուն, որտեղից կրակոցի ձայն էի լսել, և ին՞չ տեսնեմ. հայրս ընկած էր հատակին՝ արյան մեջ կորած: Նա առանց մի բառ ասելու մահացավ, ու մինչև ես ու մայրս խելքահան եղած լաց էինք լինում, թուրք մարդասպանը քահ-քահ ծիծաղում էր՝ գոհ իր անվրեպ կրակոցից: Այդպես, ութ տարեկանում ականատես եղա Արդահանի կոտորածին: Տասնութամյա եղբայրս փախավ տնից, որովհետեև թուրքերը բոլոր տղամարդկանց, անկախ տարիքից, կոտորում էին:


Ահա արդեն 73 տարի է անցել այդ օրից, իսկ նրա ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց մեզ:Ո՞Վ գիտի՝ որտեղ սպանեցին:

Փետրվարի 16-ին բոլորիս հավաքեցին մի տեղ ու երկու ամիս քաղցած ու կիսամերկ պահեցին: Թե քանիսին սպանեցին, քանիսն ինքնասպան եղավ, Աստված գիտե: Ողջերին սպասում էր գաղթի ճանապարհը: Վերջապես հասանք Ախալքալաք: Տեղի հայերը սրտաբաց ընդունեցին, օգնեցին ինչով կարողացան: Մեր բարեկամությունն ապրում էր Ախալցխայում, մենք էլ բնավորվեցինք այնտեղ: Հիմա ես 82 տարեկան եմ, ապրում եմ Երևանում, շրջապատված զավակներով, թոռնիկներով, իսկ վերջերս ծնվեց նաև թոռիս զավակը: Ապրում ենք համերաշխ: Բայց այն օրերի դաժան հուշերը չեն լքում ինձ: Ու դրա համար էլ ապշում եմ, երբ լսում եմ, որ այս կամ այն հարևանը, ծանոթը գնացել է Թուրքիա, լավ ապրանք բերել ու շատ էլ գոհ մնացել թուրքերի վարմունքից: Չեմ հասկանում՝ մի՞թե ամեն ինչ գնվում է, անգամ անցյալը: Աստված նրանց հետ, իսկ ես, եթե հնարավոր լինի, այս տարիքիս կգնամ իմ Արդահանը՝ ոչ թե որպես առևտրական, այլ որպես ուխտավոր՝ ոտաբոբիկ ու գլխաբաց»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ