Կանգնեցրեք. օձերը գրոհում են Երեւանը
Մասնագետներն անհանգստացած են` Երեւանում շատացել են օձերն ու մլակները: Օձերն անգամ երեւում են տների բակերում: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որստեղծված իրավիճակը բնապահպանական աղետի նախանշան է: Ըստ նրա՝ օձերի ակտիվությունը պայմանավորված է ընթացող քաղաքաշինությամբ: «Աննորմալ քաղաքաշինության պրոցեսն անհրաժեշտ է կանգնեցնել: Այն չի ճանաչում ոչ մի ծառ, ոչ մի թուփ»,-նկատեց բնապահպանը:
Սիլվա Ադամյանի համոզմամբ՝ քաղաքում մլակների թվաքանակի ավելացումը պայմանավորված է թռչունների պակասով: «Երևանը կորցնում է իր կանաչ տարածքները, որը բերում է թռչնատեսակների կորստի, ու քանի որ թռչունները կերակրվում են մլակներով, դա հիմք է հանդիսանում մլակների թվաքանակի ավելացման համար»:
Բացի այդ նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ մարդիկ սկսել են յուրացնել այն տարածքները, որտեղ ապրում են օձեր, մեծացել են այցելությունները Հրազդանի կիրճ, այլ վայրեր: Դրա հետեւանքով մեծացել է օձերին հանդիպելու հավանականությունը:
Ըստ մասնագետի` նույն իրավիճակն է նաև գյուղերում:
Սողունաբանները խորհուրդ են տալիս օձ հանդիպելիս, եթե այն գտնվում է մեկ-երկու մետր հեռավորության վրա, հեռանալ կենդանուց, իսկ ավելի մոտ լինելու դեպքում պետք է անշարժ կանգնել, և սպասել, որ օձը հեռանա, քանի որ կենդանին հակված է ոչ թե հարձակման, այլ` ինքնապաշտպանության: