Հայ հոգեւորականների շիրիմների վրա` մանկական զբոսայգի
Ermenihaber-ը գրում է. Ադանայի Քոզան (Սիս) գավառում գտնվող հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել:Թուրքական «demokrathaber.com» լրատվան կայքի համաձայն՝ նշյալ վանական համալիրը պատկանում է այն հայկական եկեղեցական գույքի թվին, որոնց վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս դիմել է թուրքական դատարան:
Աղբյուրի վկայությամբ՝ շուրջ 700 տարի տարածքի հայերի համար հոգևոր կենտրոն ծառայած վանական համալիրի վերադարձման պահանջով դատական գործին ի պատասխան՝ Քոզանի քաղաքապետ, Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) ներկայացուցիչ Մուսա Օզթուրքը հայտարարել է. «Որևէ մեկին անգամ 1 թիզ հայրենիքի հող չունենք տալու», և վանական համալիրի բակում մանկական զբոսայգի է կառուցել:
«1915թ. Հայոց ցեղասպանությանը հաջորդած շրջանում՝ 1921թ., Ադանայի Քոզան գավառի հայկական վանական համալիրի՝ 48 ժամվա ընթացքում հանձնելու հրաման եղավ, ինչի հետևանքով հայ հոգևորականները տիպված եղան լքել Ադանան:
Հարկադրաբար Լիբանան տեղափոխված հայ հոգևորականները մայրաքաղաք Բեյրութի Անթիլիաս շրջանում նորից հիմնեցին Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը»,- գրում է թուրքական պարբերականը:Հայկական երկու կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը, ապրիլի 27-ին դիմելով Թուրքիայի սահմանադրական դատարան ՝ պահանջել է վերադարձնել Ադանայի (Սիսի) հայկական Սուրբ Սոֆիա եկեղեցին, վանքապատկան կառույցներն և այլ եկեղեցապատկան գույքը:
«Հայտնի է, որ լքված ու բարձիթողի վիճակում հայտնված, գանձեր որոնողների կողմից անխնա ավերվող Ադանայի հայկական վանական համալիրի վերաբերյալ 1950թ. ապամոնտաժման հրաման է եղել, իսկ ավերված եկեղեցու քարերը որպես շինանյութ օգտագործվել են շրջակայքի տների կառուցման ժամանակ»,- գրում է աղբյուրը:
Ադանայի հայկական եկեղեցու բակում, որտեղ, ի դեպ, գտնվում են հայ հոգևորականների շիրիմները, մանկական զբոսայգու կառուցումը բողոքի ալիք է առաջացրել և լայն քննարկումների առիթ հանդիսացել սոցիալական ցանցերում՝ որակվելով որպես 1915թ. շարունակություն՝ մշակութային ցեղասպանություն: