Մահացել է

Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ Զվարթնոց թաղամասում գտնվող գազալցակայանի պայթյունի հետեւանքով բազմաթիվ վնասվածքներ ստացած 55-ամյա Արմեն Հակոբյանը:
Այս մասին քիչ առաջ տեղեկացանք «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանից: Բժիշկն ասաց, որ նրան հաջողվել էր դուրս բերել շոկից, սակայն պայթյունի հետեւանքով ստացած թունավորումը անհամատեղելի է եղել կյանքի հետ:
Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի որդուն՝ գազալցակայանի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս Արմեն Հակոբյանին, ապա ըստ Նորայր Դավիդյանի, նրա վիճակում դրական առաջընթաց կա, այս պահին վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Փոքր ինչ ավելի լավ է պայթյունի հետեւանքով այրվածքներ ստացած գազալցակայանի աշխատակցի՝ Արթուր Գասպարյանի վիճակը:
Հիշեցնենք. մայիսի 26-ին պայթյուն էր տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գազալցակայանում, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներ էին ստացել նրա 29-ամյա որդին, եղբայրը եւ գազալցակայանի աշխատակիցը:
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայանում կրակ էր առաջացել կոմպրեսորային կայանից, որտեղից տարածվելով՝ հասել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենային, որը այրվել էր: Պայթյունի հետեւանքով վիրավորված Արմեն Ռաֆիկի Հակոբյանին, 50-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանին եւ 21-ամյա Արթուր Գասպարյանին տեղափոխել էին նախ՝ Էջմիածնի բժշկական կենտրոն, այնտեղից՝ Երեւանի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»:
Հակոբյանի եղբոր վիճակը ծանր էր, նա ստացել էր 85 տոկոս այրվածքներ: Իսկ նախկին պատգամավորի որդին ստացել է 25 տոկոս այրվածքներ՝ մարմնի մակերեսին, 20 տոկոս՝ շնչուղիներում:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ պայթյունը տեղի էր ունեցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելիս՝ գազի արտահոսքի հետեւանքով։ Նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախորդ շաբաթ Կառավարության նիստում հայտարարեց, որ նշված գազալցակայանը 6 ամիս առաջ տուգանվել էր 1 մլն դրամով, հայտնաբերվել էին բազմաթիվ թերություններ: