Նախարար հայրիկի հետ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր չորսամյա որդու օրը տոն է դարձրել ոչ թե այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ՝ մայիսի 31-ին, քանի որ Հունիսի մեկն աշխատանքային է, և նախարար-հայրիկը չէր կարող որդու հետ ժամանակ անցկացնել: «Կիրակին միակ օրն է, որ կարողանում եմ իր հետ շփվել, 3 ժամ իր համար տոն է եղել. իրար հետ ենք անցկացրել»,-լրագրողներին ասաց նա: Նախարարը պատմեց, որ որդուն տարել է խաղահրապարակ, որտեղ որդին շատ է սիրում խաղալ.
«Հետո տանը իրար հետ կեգլի ենք խաղացել, գնդակով փորձում էինք իրար հետ այդ վարժությունները կատարել, որդիս նաև ռուսախոս է, փորձում եմ հետը հայերեն խոսել, որ չնեղվի, երբ իջնում է բակում ընկերների հետ խաղալու և կարողանա հայերեն ավելի վարժ խոսել»,-ասաց նա: Հարցին՝ արդյոք խաղահրապարակում միացե՞լ է որդուն և խաղացել վերջինիս հետ, Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ այ հատվածներում, որտեղ հնարավոր էր, օգնել է, ինչպես մեքենաներ վարելիս. «Բայց այն հատվածում, որտեղ արդեն մտնում է ներսի խաղահրապարակ, դժվար կլիներ ինձ պատկերացնել այդ ցանցերի մեջ. այնտեղ հատուկ դայակներ կան»,-ժպիտով պատմեց նախարարը: