Հանդիպում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպեցին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի բնության պահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Կատերինա Կոնեչնայի գլխավորած պատվիրակության հետ:
Մարտուն Գրիգորյանը, ողջունելով չեխ գործընկերների այցը Հայաստան, օգտակար համարեց փոխադարձ շփումների ու գործակցության ակտիվացումը՝ նշելով, որ այսօրինակ հանդիպումները լավ հիմք են հետագա հարաբերությունները զարգացնելու համար: Երկու երկրներում հայկական եւ չեխական դեսպանատների բացումով էլ ավելի է սերտացել թե դիվանագիտական եւ թե տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Չեխիայի Հանրապետություն եւս, հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ, նոր որակ է հաղորդել միջխորհդարանական համագործակցությանը, բացահայտել նոր հնարավորություններ ու ուղղություններ:
Ըստ Մարտուն Գրիգորյանի՝ բնապահպանական հիմնախնդիրները շատ են, եւ կարեւոր է զարգացած երկրների փորձը: Կատերինա Կոնեչնան եւս համոզմունք հայտնեց, որ համատեղ գործակցությամբ առավել արդյունավետ կզբաղվեն բնության պահպանությամբ, առկա մարտահրավերների չեզոքացմամբ: Նրա կարծիքով՝ Չեխիան եւ Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն, ինչն էլ համագործակցության լավ հեռանկար է բացում:
Երկու խորհրդարանների ներկայացուցիչները միմյանց տեղեկություններ հաղորդեցին հանձնաժողովների գործունեության եւ բնապահպանական միջոցառումների, նաեւ՝ ֆինանսական միջոցների մասին: Որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան այդ կառույցից մեծ օժանդակություն է ստանում բնապահպանական խնդիրները լուծելու համար: Կողմերը փաստեցին, որ ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում օրենսդրությունը երկու երկրներում նույն գաղափարական հիմքն ունի. ով աղտոտում է միջավայրը, նա էլ պետք է վճարի: Չեխիայում գործում են պետական հիմնադրամներ, որոնք հավաքագրում են այդ գումարները եւ ուղղում վնասակար ազդեցության վերացմանը: ՀՀ-ում բնապահպանական վճարների նպատակային օգտագործումը, պատգամավորների տեղեկացմամբ, նույնպես կարգավորվում է օրենքով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնապահպանությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր եւս՝ աղբի վերամշակում, վերականգնվող էներգիայի հնարավորություն, խոսվեց հանքերի շահագործման եւ ՀԷԿ-երի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին: