Գները թանկանում են, հայ մարդը` էժանանում
Էլեկտրաէներգիան եթե չթանկացնեն, մի ուրիշ բան կմտածեն` հացը կթանկացնեն, գազը կամ մի ուրիշ բան: Օրինակ, տրանսպորտը չթանկացրին, փոխարենը գազը թանկացրին։
Այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժշտագետ Դանիել Երաժիշտը։
Նա հիշեց, որ մեկ տարի առաջ գազի թանկացման ժամանակ ընկերները իրեն հույս էին տալիս, որ թունելի ծայրում լույս է վառվում.
«Բայց եթե այսօր էլ էլեկտրաէներգիան թանկացնեն, հույսի լույսը պետք է անջատենք։ Ֆիզիկայի օրենքները խախտում են մեր երկրում, հավերժական շարժիչ ստեղծելու փոխարեն մեր երկրում ստեղծել են հավերժական թալան»,-ասաց բանախոսը` նշելով, որ Հայաստանում գները թանկանում են, իսկ հայ մարդը էժանանում է:
«Իսկ էժանացած հայ ոչ մեկին հարկավոր չէ»,- ասաց նա։ Ասուլիսին ներկա թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանն էլ նշեց, որ ինքը չի մասնակցում բողոքի ակցիաներին` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, իր պայքարի միջոցը սատիրան է․
«Ես իմ ձևով եմ պայքարում, ներկայացում եմ իրականացնում, որտեղ սատիրայով ձեռ եմ առնում թանկացումները։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է յուրովի պայքարի»,- ասաց նա։
Պարոն Ծատուրյանը նշեց, որ ինչքան էլ դժգոհենք, պետությունը մեկ է` իր ուզածը անում է։