Շարքից հանել՝ կնոջ միջոցով. Հրապարակ

«Հրապարակ»-ը տեղեկացնում է՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով պարզել իր եւ իր ընտանիքի դեմ հրապարակվող նյութերի իսկությունը, եւ եթե պարզվի, որ դրանք սուտ են’ Քրեական օրենսգրքով պատասխանատվության ենթարկել հեղինակին:
Նաեւ դատախազություն են ներկայացրել ոչ միայն հրապարակումները, այլեւ hzham.am կայքի խմբագրություն ուղարկած գրությունները՝ նշելով, որ բոլոր կոնտակտային տվյալներն անհասանելի են, այսինքն՝ կայքն անիրական Է, եւ իրենք չեն կարողանում դիմել դատարան, քանի որ, որպես կողմ, չեն կարողանում գտնել կայքի իրական տերերին: Իսկ իրավաբանական անձը, ում անունով գրանցված Է կայքը, լուծարված է:
Մինչ պաշտպանության նախարարը, իր աշխատակազմն ու փաստաբանը չեն կարողանում պարզել, թե hzham.am կայքն ումն է, այնտեղ ամենօրյա ռեժիմով նյութերի թարմացում Է գնում, որոնց պատկառելի մասը «նվիրված» Է հենց Սեյրան Օհանյանին եւ նրա կնոջը:
Զարմանալի Է, որ հնարավոր չէ պարզել, թե ով կամ ովքեր են աշխատում մի կայքում, որը շարունակում է գործել, քանզի, երբ Ազգային անվտանգության ծառայությանն անհրաժեշտ է լինում, անգամ Ֆեյսբուքռւմ անանուն հանդես եկող ֆեյքերին եւ համացանցում տեղադրվող նյութերի հեղինակներին են րոպեների ընթացքում պարզում ու պատասխանատվության ենթարկում: Մենք փորձեցինք լրագրողական հետաքննությամբ պարզել, թե ով է աշխատում այդ կայքում, մեզ ասացին, որ «Հայկական ժամ» կայքը 2000-ականներին լույս տեսնող «Փակագիծ» թերթի խմբագիր Ագապի Հայկազունու հետ կապ ունի, այստեղ աշխատում է նրա դուստրը:
Հիշեցնենք, նախ «Փակագիծը» խնդիրներ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հետ, ապա թերթը փակվեց՝ սկսեց գործել համանուն կայքը, վերջում այն Էլ անհետացավ ասպարեզից: Պնախարարի խնդիրը, անշուշտ, ոչ այնքան լրատվամիջոցն ու իր դեմ նյութեր գրող «Ալիս Խեչոյան» անունով լրագրողին գտնելն է, որքան նրա «թիկունքին կանգնածներին» պարզելը, ինչպես պաշտոնյաներն են ասում «պատվիրատուներին»:
Պնախարարի թիմում կարծում են, որ այս ամենն արվում Է «չվարկաբեկված պաշտոնյային փչացնելու» եւ առաջիկա ընտրությունների թեկնածուների շարքից դուրս բերելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: