Կարո՞ղ ես
Վերադաստիարակչի վսեմ առաքելությունդ հաջողությամբ պսակելու համար քեզ պետք է նախ ամոթով երես դարձնել այն անիմաստ կյանքից, որ քարշ են տալիս կեղծապաշտ հայրերդ. անասնացուցիչ կյանք, որ մարդուն դարձնում է այն, որին աշխարհածանոթ Տոլստոյը զզվանքով «հիմար միս» անունն է տվել:
Քե՛զ, նախ քե՛զ պետք է հոգեփոխվել, իսկ այդ անելու համար դու օրվա հայրերիդ երեսին պիտ շպրտես քո վճռական «ոչ»-ը և ապա հռչակես քո նոր ուխտը, թե հայրերիդ դատապարտելի ընթացքի պատճառով վտանգված մեր ցեղի ապագան փրկելու սրբազան մտահոգությամբ վճռել ես հետայսու ապրել միայն երկու բանի`Հայրենիքիդ և իր անկախության համար:
Այո, դու պիտի լինես ուխտվածների սերունդ և, որպես այդպիսին, պիտ վերադաստիարակես քեզ և ապա դառնաս դաստիարակիչը հայրերիդ: Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք «աշխարհում են, բայց աշխարհից չեն»:
Այլապես քո ժողովուրդը իր տեղն արևի տակ աստիճանաբար պիտ զիջի իրեն շրջապատող այն գայլ ցեղերին, որոնց համար կյանքը լոկ առևտուր կամ լումայափոխություն չէ: Քեզ պետք է հոգեփոխվել, իսկ դա նշանակում է, թե դու պիտ դառնաս հակապատկերը հայրերիդ: