Առաջինը Սարգսյանն է, երկրորդը` Րաֆֆին, Քոչարյանը՝ չեզոք
“Նախագահական ընտրություններից առաջ վիճակը տարբերվում է, նախ նրանով, որ կա լուրջ անորոշություն , թե ովքեր են լինելու հիմնական խաղացողները: Բացի գործող նախագահից որեւէ մեկը չէր հայտարարում նախագահական ընտրություններին մասնակցության մասին, սա նաեւ որոշակի անորոշություն մտցրեց ԶԼՄ-ների շրջանում”,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ներկայացնելով ՀՀ-ում հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից 2013 թվականի նախագահական ընտրութունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Բորիս Նավասարդյանի խոսքով, շատ հարցեր քաղաքական դաշտում ի հայտ են գալիս բուն քարոզարշավից առաջ, ուստի մշտադիտարկումը եւս շատ ավելի վաղ է անցկացվում:
Դիտարկվել են ինը լրատվամիջոց, բոլոր վեց համապետական հեռուստաալիքները/Հ1, Արմենիա, Երկիր Մեդիա, Կենտրոն Հայկական երկրորդ եւ Շանթ/, մեկ երեւանյան` Արմնյուզ հեռուստաալիքը եւ երկու ռադիոալիք` Հանրային ռադիոն եւ Արմռադիոն, որն առաջին անգամ է մշտադիտարկման օբյեկտ հանդիսանում: “Ընդհանուր առմամբ երեսուներեք ՀՀ քաղաքացիներ են հիշատակվել որպես պոտենցիալ թեկնածու ինը լրատվամիջոցներից, որոնցից ամենաշատը հիշատակվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի անունը ”, -ներկայացրեց բանախոսը եւ նշեց, որ սա օրինաչափ է:
Երկրորդը հիշատակումների առումով Րաֆֆի Հովհաննիսյանն է եղել, ինչը եւս օրիանաչափ է, քանի որ նա նույնպես իր պլանների մասին բարձրաձայնել է: Այս երկու պոտենցիալ թեկնածուների դրական եւ բացասական հիշատակումները հավասարակշռված են եղել: Նրանց հաջորդում են Լեւոն Տեր-Պտերոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը եւ Ռոբերտ Քոչարյանը:
“Եթե հոկտեմբերին Սերժ Սարգսյանից բացի առավել հաճախ հիշատակվող թեկնածուները Օսկանյանն ու Ծառուկյանն էին, նոյեմբերին իրավիճակը փոխվեց եւ Օսկանյանը շատ ավելի քիչ է հիշատակվում: Դա կարելի է բացատրել նրանով, որ խոսակցություններն իր դեմ նախաձեռնված քրեական գործի մասին շատ ավելի պասիվ են, իսկ նա հիշատակվում էր որպես ապագա թեկնածու քրեական գործի շրջանակներում”,-նշեց Բորիս Նավասարդյանը: Նոյեմբերին արդեն Օսկանյանից առաջ են անցել Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը միակ պոտենցիալ թեկնածուն է, ում նկատմամբ աջակցության որեւէ դեպք չի գրանցվել, մինչդեռ հակառակը` բացասական վերաբերմունք նկատվել է ինը նյութում: Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, վերջինս միակն է, ով որպես պոտենցիալ թեկնածու հիշատակվում է չեզոք համատեքստում:
Հաշվետվությունն ընդգրկում է 2012թ. հոկտեմբերի մեկից նոյեմբերի քսանն ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրությունների այս փուլում դրական կամ բացասական հիշատակումը դիտարկվում է տվյալ թեկնածուի առաջադրման նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքով: Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո` հունվարի կեսերին, մշտադիտարկումըկիրականացվի նախկին մեթոդաբանությամբ:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում խորհրդարանական ընտրությունների շրջանում է մշտադիտարկում իրականացվել:
Բորիս Նավասարդյանը նշեց նաեւ, որ եթերում բացակայում են պոտենցիալ թեկնածուների ծրագրային դրույթների վերաբերյալ տեսակետները : Միայն երկու լրատվամիջոց` Երկիր մեդիան եւ Արմռադիոն են փորձել ընտրարշավին բովանդակային իմաստ հաղորդել:
Ինչ վերաբերվում է կողմնակալ լուսաբանմանը, բանախոսը նշեց, որ մասնավորապես Երկիր Մեդիան եւ Կենտրոնը համապատասխանաբար ավելի շատ լուսաբանում են Դաշնակցությանն եւ ԲՀԿ-ին, դրանով սակայն չսահմանափակելով մյուս ուժերի լուսաբանման հնարավորությունը: