ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացվել է օրենքի նախագիծ, որով կոչ է արվում Թուրքիային «հարգանք ցուցաբերել մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ»: Բանաձևին կողմ է արտահայտվել 29 կոնգրեսական: Նրանց 9-ը Թուրքիայի հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամներ են, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Hurriyet» պարբերականի վաշինգտոնյան թղթակից Թոլգա Թանիշի տեղեկատվության համաձայն՝ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:
Օրենքի նախագծում, որում նաև ընդգծվում է երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության փաստը, տեղ է գտել հետևյալ կոչը.
«Անհապաղ վերացնել խոսքի ազատության սահմանափակումները, ներառյալ՝ առցանց կամ սոցիալական կայքերում և պատշաճ հարգանք ցուցաբերել մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ՝ համաձայն ԵԱՀԿ-ի հանդեպ իր ստանձնած պարտավորությունների»:
Ուշագրավ է այն փաստը, որ օրենքի այդ նախագիծը կոնգրեսին է ներկայացվել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի՝ վաշինգտոնյան ելույթից ընդամենը մեկ օր անց : Այդ ելույթի ժամանակ մի խումբ ունկնդիրներ Էրդողանի վերաբերյալ իրենց դժգոհությունն ու քննադատությունն էին հայտնել:
Աղբյուր` Ermenihaber.am