26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլի հայկական որբանոցի ճամբարը փրկված է

Ստամբուլի հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի շենքը, որը հայտնվել էր ապամոնտաժման վտանգի տակ, արդեն փրկված է: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի վկայությամբ՝ շինության ներկայիս սեփականատերը հայտարարել է, որ պատրաստվում է մանկատունը նվիրաբերել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին, գրում է Ermenihaber.am-ը:

Մանկատան ապամոնտաժման դեմ ակտիվորեն պայքարող Թուրքիայի «Düşünce Platformu» («Գաղափարական հարթակ») միության ներկայացուցիչ Հարութ Օզերը թեմայի շուրջ մեկնաբանություններ է արել թուրքական «Özgür Radyo»-ի «Ռադիո Ակոս» ծրագրի եթերում:

Նա նշել է, որ Արմեն ճամբարի՝ հայկական կողմին վերադարձի համար հանդիպումներ են ունեցել Ստամբուլի Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըն, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) պատգամավորի թեկնածու հայազգի Մարգար Եսայանը, հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը և «Düşünce Platformu»- ի ներկայացուցիչները:

«Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից  սեփականության իրավունքի նվիրաբերման շուրջ: Ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սեփականության փաստաթղթերը կհանձնվեն» , – ասել է Հարութ Օզերը:

Իսկ Արմեն ճամբարի շինության ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Խնդրի լուծման վերաբերյալ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խնդրանքն ու հանձնարարությունը,  Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշին, ԱԶԿ-ի Ստամբուլի տարածքային ղեկավար Սելիմ Թեմուրջին և Թուզլայի տարածքային ղեկավար Շադի Յազըջըն ինձ համոզեցին: Մեր օրերում, երբ ամեն կերպ փորձ է արվում հրահրելու մեր հասարակության դյուրազգացությունը՝  կապված 1915թ. դեպքերի հետ, մեր հայ քաղաքացիների մտքի և զգացմունքների խաղաղության, մեր երկրի սոցիալական համերաշխության մեջ ներդրում ունենալու նպատակով՝ ամենայն հարգանքով հայտարարում են մեր հանրությանը, որ խնդրո առարկա տարածքը նվիրաբերելու եմ Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին»:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին  եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր  ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ