Միշտ զարգացման պետք կա, միշտ անցյալի սխալներեն սորվելու պետք կայ. Մոնթե Մելքոնյան/վիդեո/
“Իմ սկզբունքներս, աշխատանքս եւ համոզումներս կսիրեմ գործադրել հայկական ազատագրական պայքարի սահմաններուն մեջ կամ ալ գոնե հայության ի նպաստ’ըստ իմ հասկացողությանս։ Նաեւ ըսեմ, որ լրջօրեն միշտ փորձած եմ գիտական ձեւով մոտենալ այս հարցին… Այս տեսակ գործերը տեղքայլի մեջ չեն մնար. քանի որ պատմութիւնը տեղքայլի մեջ չի մնար: Միշտ զարգացման պետք կա, միշտ անցյալի սխալներեն սորվելու պետք կայ”,- սրանք Մոնթե Մելքոնյանի խոսքերն են:
Այսօր նա կդառնար 55 տարեկան: Զորավարի մարտական ընկերներն նույնիսկ դժվարանում են բնութագրել նրան: Ընկերների խոսքով ժամանակ է պետք գնահատելու, հասկանալու համար:
“Մոնթեի ամենամեծ հատկանիշը մեծագույն ազնվությունը եւ իր գործի, հաղթանակի նկատմամբ մեծ հավատը”,-ասում է մարտական ընկերը` Հովսեփ Հակոբյանը նշելով, որ Մոնթեի ամենամեծ գործը ոչնչից հզոր բանակ ստեղծելն էր:
1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրեւ թարգմանիչ` Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան, մասնակցել Էրքեշ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերի ազատագրական մարտերին: Վերադառնալով Երեւան` հավաքել է “Հայրենասիրական” ջոկատի մարտիկներին եւ միանալով “Կոռինձոր” ջոկատին` կրկին մեկնել է Շահումյան` Ղարաչինար գյուղը: Մինչեւ դեկտեմբերի վերջերը մասնակցել է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը, աչքի է ընկել մարտական կարողություններով ու հրամանատարական հմտությամբ:
1992թ. փետրվարի 4-ին, երբ պատրաստվում էր ջոկատով մեկնել Արցախ, ուղղաթիռի մոտից հրավիրում են հեռախոսի մոտ, եւ Վազգեն Սարգսյանը հայտնում է, որ նա նշանակված է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Հենց նույն օրը` փետրվարի 4-ին, մեկնում է նշանակման վայր: Մեկ ամիս անց նրան հանձնարարվում է գլխավորել շրջանի պաշտպանությունը: Այդ ժամանակ ամենից վատ Մարտունու շրջանն էր պաշտպանված: Մոնթեին հաջողվում է անջատ ջոկատնեիրց կազմել բանակային կուռ համակարգ: Նրա հրամանատարության ժամանակամիջոցում ազատագրվել է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 տոկոսը:
1992թ. հունիսին հակառակորդը կենտրոնացված ու ուժգին հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի բոլոր ճակատներում: Մի քանի շաբաթվա ընթացքում Շահումյանի շրջանն ամբողջությամբ եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը հայաթափ եղան եւ անցան հակառակորդի ձեռքը: Համեմատաբար հարթավայրային Մարտունու շրջանում արտագաղթի վտանգը մեծ էր, որը Մոնթեն կանխեց` արգելափակող սահմանակետեր դնելով: Նրա հրամանատարությամբ հակառակորդի ուժգին եւ իրավահաջորդ հարձակումները ջախջախվեցին մեկը մյուսի հետեւից: 1992թ. ամռանը թուրքերը Ֆիզուլիից տանկային հզոր գրոհ կազմակերպեցին Մաճկալաշեն-Կարմիր Շուկա ուղղությամբ վերացավ Ստեփանակերտին սպառնացող վտանգը. նրանք այլեւս նոր գրոհներ չձեռնարկեցին: Մարտունու պաշտպանական շրջանի ուժերն ադրբեջանական կողմին պատճառեցին բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, նրանցից խլեցին տասնյակ տնակներ, զրահամեքենաներ եւ ռազմական այլ տեխնիկա:
Մոնթեի մարտավարական հմտության եւ դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դարձել էր անառիկ բերդ, եւ այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես ել նշում էր` Մոնթեբերդ:
1992թ. ամռան ամենթեժ օրերին, երբ Արցախի ճակատագիրը դեռեւս մնում էր անորոշ, Մոնթեն քարտեզի վրա գծում է Արցախի սահմանները` ներառելով այն տարածքները, որոնք հաջորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ անցան հայկական ուժերի վերահսկողության ներքո: 1992 թ. սեպտեմբերի 4-ին Մոնթեի հրամանատարությամբ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները գրավեցին Ավդալ-Գյուլաբլու ռազմական հենակետը:
1992 թ. վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ` Արցախի պաշտպանական ուժերը հասան պետական սահման եւ 20կմ երկարությամբ պահակակետեր հիմնեցին շրջանի հյուսիսային սահմանագծերում:
1993թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից:
1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը:
1993թ. ապրիլի 1-2-ը Մարտունու պատպանական ուժերը հակառակորդին ետ շպրտեցին Մաճկալաշենին մոտիկ Խազազի բարձունքի եւ Գեւորգավանից ոչ հեռու` Կզլկայա բլրի դիրքերից:
Ապրիլի 4-ին Մոնթեն նոր եր վերադարձել Քարվաճառից, որ լույս 5-ի գիշերը նույն հատվածի ուղղությամբ հակառակորդը հակահարձակում սկսեց, եւ Մոնթեն, որ երկու ժամ էլ չէր քնել, ղեկավարեց գրոհը ետ մղելու գործողությունը եւ ոչնչացրեց հակառակորդին:
1993թ. մայիսին Լաչինում էր, զինակիցների հետ հետախուզեց Լաչինից Ղուբաթլու ձգվող սահմանային գոտին: Ծրագրել էր Ղուբաթլուի շրջանի ազատագրական գործողությունը, որն անմիջականորեն չիրականացվեց արտաքին քաղաքական նկատառումներով: Վերադարձավ Մարտունի, որտեղ զբաղվեց Աղդամի շրջանի կրակակետերի լռեցման եւ այդ շրջանի ազատագրման ծրագիր իրականացմամբ:
…1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չէր մասնակցում մարտին, այլ Աշանից ներքեւ գտնվող Մոթ սարի “08″ դիտակետից ղեկավարում էր Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջավ դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու եւ Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպեց հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատեւ, առճակատ մարտում զոհվեց զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից:
Հովսեփ Հակոբյանի խոսքով, որ մեկը այսօր հարյուր տոկոսով չունի պատասխան, թե ինչպես զոհվեց Մոնթեն: “Պատերազմը պատերազմը էր, թուրքը թուրք էր եւ ամեն մեկն իր կասկածներն ունի ու ամեն մեկն իր ձեւով է մեկնաբանում: Երբ զոհվում է շատ մեծ զորավար, միշտ էլ մեղավորություն ունենք, որ նրան չպահպանեցինք, չհասկացանք, որ պետք է պահպանեինք”,-լրագորղների հետ հանդիպմանը երեկ ասաց Մոնթեի մարտական ընկերը: