ԱԺ-ում պատգմավորների աշխատասենյակների հարցով են զբաղված
Հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորներին խորհրդարանում իրենց աշխատասենյակները դեռ չեն բաշխել, գործընթացն ընթացքի մեջ է: Այս մասին այսօր Henaran.am-ին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը:
“Քանի որ հանձնաժողովների ձեւավորման գործընթաց է գնում, աշխատասենյակները դեռ չենք բաշխել: Պետք է ունենանք պատկերը եւ ըստ հանձնաժողովների բաշխենք”,-տեղեկացրեց նա:
Վրեժ Գասպարյանի փոխանցմամբ, ԱԺ խմբակցությունների աշխատասենյակների փոփոխություններ չեն եղել : Չորրորդ գումարման ԱԺ խմբակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգություն”-ը, որոնք բոլորն էլ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով անցել են խորհրդարան, կպահպանեն իրենց աշխատասենյակները: Հինգերերոդ գումարման ԱԺ-ում ավելացած նոր խմբակցությունը` ՀԱԿ-ը, կտեղակայվի առաջին հարկում` ԱԺ կենտրոնական մուտքից դեպի աջ գտնվող հատվածում` ԱԺ-ում ԼՂՀ եւ ՀՀ նախագահի ներկայացուցիչների հարեւանությամբ:
Henaran.am-ը Վրեժ Գասպարյանից հետաքրքրվեց, թե նյութատեխնիկական միջոցներով բոլոր խմբակցությունները հավասարապես կապահովվե՞ն, թե գուցե էլի դժգոհողներ լինեն, ինչպես նախորդ գումարման ԱԺ-ում “Ժառանգությունն” էր բողոքում իր համակարգիչներից: Վրեժ Գասպարյանի հավաստիացմամբ, այս առումով խնդիրներ չեն ծագի: ՀԲ միջոցներով ձեռք բերված տեխնիկական եւ օժանդակ միջոցները կբավարարեն բոլոր խմբակցությունների կարիքները:
Աշխատասենյակների բաշխման գործընթացը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի խոսքով, մեկ երկու օր անց ավարտված կլինի: Նշենք, որ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի ընդմիջումներին աշխատասենյակների բացակայության պատճառով հատկապես առաջին անգամ մանդատ ստացած կամ խորհրդարան վերադարձած նախկին պատգամավորները խմբերով շրջում էին խորհրդարանի միջանցքներում կամ տեղավորվում ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում: