Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ Թուրքիայում
«Վաղարշապատ» երգի պարի թատրոնը վերադարձել է «Սահակյան» երգչախմբի հրավերով Թուրքիա կատարած հյուրախաղերից: Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգը կայացել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում:
«Վաղարշապատ»-ը հանդիպում է ունեցել ստամբուլահայ համայնքի հետ, այցելել է Հրանտ Դինքի գերեզման, «Մարմարա» հայկական թերթի խմբագրություն:
Թուրքիա մեկնելուց առաջ «Վաղարշապատ»-ը Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 23-ին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի տանը հանդես է եկել Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համերգով: Հենց այս համերգի ժամանակ էլ տեղի է ունեցել «Հայաստան» երգի պրեմիերան (երաժշտությունը` Արսեն Գրիգորյանի, խոսք` Ավետ Բարսեղյանի):
«Վաղարշապատ» երգի պարի թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Անահիտ Մադոյանի խոսքով` 2004 թվականին Էջմիածին քաղաքում հիմնադրված «Վաղարշապատ» երգի պարի թատրոնը շարունակում է հիմնադրման օրվանից իր առջև դրված կարևոր առաքելության իրագործումը, այն է՝ հայ մշակույթի պահպանում և ներկայացում, Սփյուռքի հետ ակտիվ համագործակցություն:
Ի սկզբանե բարեգործական և ամբողջովին անվճար հիմքունքներով գործող կենտրոնն այսօր ունի մեծամաթիվ սաներ, ովքեր սովորում են ժողովրդական, էստրադային, հոգևոր երգեր, պար, բեմական խոսք և այլն: Նրանք մասնակցում են հայոց հոգևոր մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումներին, բացի այս համերգներով հանդես են գալիս և հայ մշակույթը ներկայացնում են տարբեր երկրներում սփյուռքի մեր հանդիսատեսի համար: