Բագրատյանը թռչունների համար բույն կառուցեց, բայց օդաչու չդարձավ. մանկության ապաքաղաքական երազանքներ
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի մանկության երազանքը թռչունների համար բույն կառուցելն է եղել: “Դա առաջին բանն է, որ ես կերտել եմ իմ կյանքում, առաջին կամ երկրորդ դասարանում էի”,-այսօր` երեխաների պաշտպանության միջազգային օրը Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ քաղաքական գործիչը:
Հրանտ Բագրատյանը, պարզվում է, եթե չդառնար տնտեսագետ եւ քաղաքական գործիչ, օդաչու էր դառնալու:
“Մի ժամանակ բոլորի նման ուզում էի օդաչու դառնալ: Պիտի մեկնեի Երեւանից դուրս սովորելու, գրեթե ստացվել էր, բոլոր փորձություններն անցա, բայց վերջում ինձ խանգարեց հարթաթաթությունը: 6-7-րդ դասարաններից էի պատրաստվում, լավ պատրաստվել էի, բոլոր քննություններն անցել”,-հիշեց Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանն իր մանկության իրականացված երազնաքների թվում առանձնացրեց երկուսը. ”Արդեն 8-րդ դասարանում ցանկացել եմ դառնալ տնտեսագետ եւ լավ, վիրտուոզ երաժիշտ: Երկուսն էլ կատարել եմ: Կիթառով նվագում եմ իմ գործերը”:
Նախկին վարչապետը դժվարացավ նշել, չարաճճի՞ երեխա էր, թե՞ ոչ. “Թեեւ իմ վարքից բոլորը բողոքում էին, բայց ես շատ պարտաճանաչ սովորող եմ եղել: Բակում 5 եղբայր մենք ենք եղել, 4-ն էլ` հորեղբորս երեխաները եւ, բնականաբար, աշխույժ ենք եղել”:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որը մեզ հետ հեռախոսազրույցի պահին թոռնուհու հետ “Աբրահամյան” արվեստի կենտրոնում էր, դժվարացավ հիշել իր մանկության ամենավառ երազանքը:
“Ես շատ չտպավորվող երեխա եմ եղել, ոչ մի բան չի տպավորվել: Մարդը չի ունենում մի երազանք, ունենում է միլիոնավոր երազանքներ”,-նշեց Աղվան Վարդանյանն ու վերջում կատակեց. ”Երազում էի պատգամավոր դառնալ”:
Իսկ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ասաց. ” Իմ մանկության տարիներին մեծ երազանք էր տիեզերագնաց դառնալը, Վալենտինա Տերեշկովային հավասար լինելը”:
Տիկին Նաղդալյանը հանգիստ, խելոք երեխա չի եղել. “Իմ մանկությունից փոքրիկ չարությունների մասին պատմություններ պահպանվել են”,-խոստովանեց տիկին Նաղդալյանը, բայց չցանկացավ մեզ պատմել դրանք: