Թուրք հաքերները հարձակվել են գերմանական պետական կայքերի վրա

«Hack Team» անվանումով թուրքական հաքերների խումբը նախօրեին հարձակումներ է գործել գերմանական մոտ 300 պետական կայքերի վրա: Ըստ թուրքական «İhlas» լրատվական գործակալության` թուրք հաքերներին հաջողվել է մի քանի ժամով խաթարել կայքերի հասանելիությունը: Նշվում է, որ կայքերի շարքում են եղել Գերմանիայի գաղտնի ծառայությունների, կենտրոնական բանկի, կրթության նախարարության և Գերմանական անկախ կաթոլիկ լրատվական պորտալի կայքը:
Խմբի անունից տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին պատկանող ինտերնետային կայքերի վրա հարձակումները շարունակվելու են:
Հայտարարության մեջ մեջբերվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանի հետևյալ արտահայտությունը. «Պատմությունն չպետք է էժան քաղաքական խաղերի գործիք դառնա, այն պետք է թողնել պատմաբաններին»:
Նշենք, որ ավելի վաղ նույն հաքերների խումբը հարձակումներ էր գործել Ավստրիական, իսկ դրանից առաջ էլ հայկական կայքերի վրա:
Աղբյուր` Ermenihaber.am