Հունիսի 6-ին մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
Հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ։ Մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն 17 երկրի 29 երիտասարդ ջութակահարներ։
Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստորիան, Վենեսուելան, Ղազախստանը, Լիբանանը, Իրանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Բելառուսը, Չինաստանը։
Մասնակիցների այդչափ մեծ թիվը պայմանավորված է ինչպես ներկայացված դիմումների մեծ քանակով, այնպես էլ՝ երաժիշտների աննախադեպ բարձր կատարողական մակարդակով, ինչն էլ պատճառ դարձավ նախապես սահմանված մրցութային 1-ին փուլ անցնող 24 մասնակիցների թիվը 29-ով փոխարինելու համար:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: