Կասկադում տեղի ունեցող ազգային պարի դասերին մասնակցող երիտասարդները դիմում են Տարոն Մարգարյանին
Հարգելի պարոն Մարգարյան. Ձեզ են դիմում ‹‹Մեր պարերը և մենք››, ‹‹Պարենք հայերեն›› նախաձեռնությունները և ավանդական երգի-պարի մի շարք խմբեր: Նախ՝ Ձեզ շնորհակալություն ենք հայտնում առ այն, որ քաղաքամայր Երևանը վերջին տարիներին անհամեմատ գեղեցկացել ու նոր շունչ է ստացել, դա Ձեր ջանասեր աշխատանքի արդյունքն է: Ակներև է այն փաստը, որ քաղաքին շուք են հաղորդում մշակութային բացօթյա միջոցառումները, որոնք երևանցիներն առանձնակի ջերմությամբ են ընդունում:
Մենք՝ Կասկադում տեղի ունեցող ազգային պարի ամենամսյա բաց դասերին տարիներ շարունակ մասնակցող երիտասարդներս, Ձեզ տեղեկացնում ենք, որ պարող քաղաքացիների թվաքանակն աճել է, և առկա տարածքն այլևս չի բավականացնում: Դրա վառ ապացույցն է Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի ունեցած հրաշալի միջոցառումը, ինչպես նաև նախորդ տարի Ազատության հրապարակում տեղի ունեցած ազգային պարի ուսուցման բաց դասերը: Ավանդույթ դարձած և անընդհատ բազմամարդ դարձող բաց դասերն այլևս հնարավոր չէ նշված փոքր տարածքում անցկացնել, և այդ հարցին լուծում կարող եք տալ միայն Դուք:
Ուստի խնդրում ենք ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, երեկոյան ժամը 19:00-ին մեր նախաձեռնությանը տրամադրել Ազատության հրապարակը և համապատասխան տեխնիկա՝ միջոցառումն իրականացնելու համար: Հաշվի առնելով Ձեր մոտեցումը ազգային մշակույթին՝ համոզված ենք, որ մերժում չենք ստանա, և Ազատության հրապարակն ամեն ամիս կդառնա հազարավոր քաղաքացիների ուրախության և համախմբման վայր:
Կանխավ Շնորհակալություն
Բոլորը, ովքեր համաձայն են Ազատության հրապարակում մասնակցել պարի ամենամսյա բաց դասին կարող են միանալ. «Ազգային պարի բաց դաս ազատության հրապարակում» ֆեյսբուք իրադարձություն հղմանը, դրանով արտահայտելով իրենց համաձայնությունը Բաց նամակի բովանդակությանը: