Դավութօղլուն և Չավուշօղլուն դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի Անթալիա քաղաքի «Suse» հյուրանոցում մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի`Չավուշօղլուն, խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, քննադատել է Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, ինչպես նաև Վրաստանում` ակնարկելով 2008թ.տեղի ունեցած ռուս-վրացական 5 օրյա պատերազմը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ չնայած 1989թ. Բեռլինի պատը քանդվել է, այնուամենայնիվ մարդկանց գիտակցության մեջ այն դեռ գոյություն ունի: Չավուշօղլուի կարծիքով` Եվրամիությունը (ԵՄ) և Ռուսաստանը չպետք է Ուկրաինային ընտրության փաստի առաջ կանգնեցնեն:
«Ռուսաստանի ոչ մի գործողություն Ուկրաինայում, Ղրիմում և Վրաստանում չի արդարացվում»:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ ևս դատապարտել էր ռուսական գործողությունները Ղրիմում` կատարվածն անվանելով «Ղրիմի «օկուպացիա Ռուսաստանի կողմից»:
«Հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ղրիմի օկուպացումը ոչ մի կերպ չի արդարացվում»,- հայտարարել է Դավութօղլուն:
Աղբյուր` Ermenihaber.am