Վարչապետը շնորհավորեց աննախադեպ հաղթանակի առթիվ
Մայիսի իննին Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայանում էր «Հայություն» խորագրով ցուցադրությամբ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ խոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստագետներ, ովքեր տարբեր են իրենց մտածողությամբ, գեղագիտությամբ, ճաշակով, սակայն նրանց միավորում է իրենց հայրենասիրությունը:
Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդները, միավորվելով մի գաղափարի շուրջ, կարողացան աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի և ինչպես է կարողանում հայ արվեստը ինտեգրել համաշխարհային մշակույթում>>,-ասաց նա:Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՀՀ-ի համար մեծ պատիվ էր այս մրցանակը շահելը, կրկնակի կարևոր է, որ այն տեղի է ունեցել մեզ համար խորհրդանշական այս տարում: <<Շնորհավորում եմ բոլորիս աննախադեպ այս հաղթանակի առթիվ: Համոզված եմ, որ առաջիկայում նորանոր հաղթանակների ականատեսը կդառնանք>>,-եզրափակեց նա: