Գնդակոծվել է Չինարի գյուղը. 3 զոհ, վիրավորներ
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, անցած գիշեր Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղացիների պատմելով, ադրբերջանցիների հիմնական թիրախը սահմանային հենակետերն էին: Նախնական տեղեկություններով, հենակետերում ծառայություն իրականացնող զինծառայողներից կան տուժածներ:
Henaran.am-ը փորձում է միջադեպի մանրամասները ճշտել Պաշտպանության նախարարությունից եւ մի փոքր ուշ կներկայացնենք նաեւ պաշտոնական տեղեկատվությունը:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել:
Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:
Լուսանկարը` ArmeniaNow.com-ի