23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սրբապիղծ գործարք՝ լռության դիմաց

Վանքերն ու եկեղեցիները ոչինչ անել չեն կարող, եթե հոգու տաճարը ներսից է քանդված: Սրբապղծությունը մեծագույն մեղքն է: Դա չնկատելը՝ հանցագործություն: Դավը նյութվում է այն ժամանակ, երբ թիրախում հայտնվածի՝ քավության նոխազի, միտքն է զբաղված:

Վերջին ամիսներին հայ հասարա-քաղաքական միտքը զբաղված էր, այնպես, ինչպես երբևէ: Ներքաղաքական զարգացումներ, հայ-ադրբեջանական սահմանի անհանգստություն և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ…: Հայ ժողովրդի համար խառնակ այս օրերին Հայաստանի թիկունքում իրագործվեց հանցագործություն՝ մեծագույն մի մեղք՝ Սրբապղծություն պետական մակարդակով.

Թուրքիայի և Վրաստանի միջև կնքվեց մի գործարք` լռության դիմաց, համաձայն որի՝ Արևմտյան Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տրապիզոնի նահանգի հայկական կիսաքանդ-կիսավեր Սբ. Աստվածածին, Սբ. Հովհաննես, Սբ. Ստեփանոս եկեղեցիները նվիրվել են Վրաստանին: Թուրքիան «բարի կամքի» դրսևորմամբ, դիվանագիտական փայլուն հնարքով, հազարամյա հայկական եկեղեցիներով փակում է մեր «եղբայրական» Վրաստանի բերանը, որպեսզի վրաց կառավարությունը՝ օրենսդիր մարմինը, ընդհանրապես չբարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Եվ տեղին է հնչած այն կարծիքը, որ Վրաստանը Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն Թուրքիայից հետո: Վրաստանն ում սայլին նստում, էդ սայլապանի երգն էլ երգում է. երկիր, որ զեղծարարությամբ ու կեղծարարությամբ իր հարևաններին չի զիջում, հազարամյակ շրջեց և կայացավ պատմական կեղծիքների վրա՝ միշտ յուրացնելով ուրիշինը:

Եկեղեցիների նվիրատրման մասին այս զազիր լրատվության արտահոսքը հնարավորինս կանխվել է երկուստեք համաձայնությամբ, բայց ճշմարտության բերանը երկար փակել չես կարող: Ջավախքը, իր խնդիրները թողած, մտահոգ է Տրապիզոնի հայկական եկեղեցիների անդառնալի կորստով, ասել է թե «կողքը նստած՝ քարի գլխին է ողբում»…

Դիվանագիտական ողջ մակարդակով թմբիրի մեջ է Վաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը. մենք ամեն տեղ ենք, բացի մեր տեղեն:
Խունացած, ավերված վանքերն ամենևին էլ ՀՀ մշակույթի նախարարության, ի դեմս նրա տիրուհու, հետաքրքրությունների տեսլականում տեղ չունեն: Իսկ ՀՀ լրատվադաշտը դրանում աստեղային հրավառություն չի տեսնում, որ…

Իրականություն է՝ Հայաստանի տարածքում գործող շատ եկեղեցիներ ու պատմական հուշարձաններ կան, որ վերանորոգման խիստ կարիք ունեն, սակայն փորձում են տոկալ և չխլանալ միլիոնավոր դոլլարների արժողությամբ նորակառույց եկեղեցիների զանգերի ղողանջից: Իսկ Հայ առաքելական եկեղեցու Հովվապետը հանձն է առել միայն Աստծո նորակառույց տաճարների օծման պարտականությունը: Աստծո Տաճարով չէ որ մարդը գիտակցում է Բարձրյալի գոյությունը ու զգում՝ Նրա զորության ուժը…

Փաստ է՝ Վրաստանի տարածքում գտնվող հայկական շատ եկեղեցիների ճակատագիր դեռևս անորոշ է. լռում են զանգակատները, և պատահական միջադեպի սկզբունքով որոշները հրդեհվում կամ հանկարծակի փլուզվում են:

Անհերքելի է՝ Արևմտյան Հայաստանում մշակութային մեծ արժեք ներկայացնող հարյուրավոր վանք ու եկեղեցի կա՝ կիսականգուն, կիսավեր ու հիմնավեր, որպես ականատես-վերապրող 1915 թվականի Մշակութային կոտորածի. Հայոց ցեղասպանության նահատակները դրանք, Դեր-Զորի ճամփին, ի պահ էին տվել Բարձրյալին .

Ապրիլի 24-ի երեկոյան՝ ժամը 19.15-ին, հայտարարվել էր Լռության րոպե, երբ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները ղողանջեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման, շատ երկրներում միաժամանակ հնչեցին նաև ոչ հայկական՝ ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիներ զանգեր: Վրաստանի ուղղափառ եկեղեցու զանգերը չղողանջեցին….: Լուռ էին: Ինչո՞ւ:

Իրողությունը հասկանալու համար ավելին պետք չէ. http://www.aravot.am/2015/04/30/566286/ Չունեցավ հայը մի կարգին հարևան. շռայլություն էր դա Տիրոջ կողմից, որին, ավա՜ղ, չարժանացավ. «Ո՞վ է հասկացել քմայքը բախտի և այն էլ… հայոց»:

Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն փորձում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը նոր փուլ՝ իրավական ճանապարհով պահանջատիրության ընթացք հաղորդել. վերջինս դատական հայցով դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի Կաթողիկոսարանի նստավայրը http://iravaban.net/85322.html : Կիլիկիո երբեմնի հռչակավոր Աթոռանիստ Սիսի վերադարձը քիչ է իրատեսական, քանզի դա Թուրքիայի կողմից դեպի պարտության առաջին խաղաքայլը կդիտվի: Արձագանքը չուշացավ. Սիսի քաղաքապետ Մուսա Յոզթուրքը հայտարարեց՝ «Տալու մի թիզ էլ չունենք:

Մենք ենք այստեղ ապրում» http://www.armweeklynews.am/w/wp/p1020.php : Մինչ Արամ Ա-ն փորձում է վերդարձնել Սիսը, կորցրեցինք Սբ. Աստվածածինը, Սբ. Հովհաննեսը, Սբ. Ստեփանոսը: Երկրորդ անգամ կորցրեցինք մեր տաճարները՝ թեկուզ ավերակ, իսկ վրացիները անհամեմատ «վարպետ են» հայկական տաճարները հայերենազրկելու՝ մաքրելու մեջ:

Տրապիզոնի հայկական եկեղեցիների նվիրատրման սրբապիղծ գործարքը չնկատեց ո՛չ Գարեգին Ա-ն և ո՛չ էլ Արամ Ա-ն: Նրանց ունկերին չհասավ Տրապիզոնի եկեղեցիները լեզվակները կտրած զանգակատների գույժը: Մինչդեռ Կաթողիկոսների հայրապետական կոնդակներից ու ելույթներից երբեմն մարմնովդ հպարտության սարսուռ է անցում: Եվ ուրիշ ոչինչ: Հնչուն խոսքերը գործ չեն դառնում:

Ջեմմա Բաղդադյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ