Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է սուրբ Գայանյանց կույսերի օրը
Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:
Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորով Սուրբ Գայանե վանք տարվեց սրբուհու մասունքն ամփոփող Աջը` հավատավոր հայորդիների երկրպագության եւ օրհնության համար: Թափորի ժամանակ սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ս. Գայանե վանքի ուխտի այս օրը Ս. Պատարագ մատուցեց Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը: Հայր Սուրբն անդրադարձավ հավատացյալ մարդու կյանքն ալեկոծող սեւ ամպերին` փորձություններին ու նեղություններին` ընդգծելով, որ եթե հավատացյալը հավատարիմ մնա Աստծուն, վստահի Աստծու խոստումներին, մնա Նրա սուրբ Եկեղեցու մեջ եւ իր կյանքի մեջ կարեւորություն ընծայի Աստծու խոսքին, Աստված ի լրումն ժամանակի, այդ սեւ ամպերի մեջ պիտի դնի նորանոր օրհնությունների անձրեւներ: “…Ս. Գայանյանց կյանքի մեջ էլ այդ սեւ ամպերը երբեք չպակասեցին: Մենք Հռիփսիմյանց եւ Գայանյանց անձերի մեջ օրհնում ենք Աստծու բոլոր այն գործերը, որ կատարվեցին բազմաթիվ հրաշքներով, բյուր օրհնություններով, Աստծու Ամենասուրբ Հոգու զորավոր ներգործությամբ: …Եվ այսօր էլ Աստված խոսում է մեր դարավոր ժողովրդի սրտին ու հոգուն, որ դուք եք, սիրելիներ, Աստծու սուրբ ազգն ու ժողովուրդը: Եկեք սիրտ առնենք Ս. Հռիփսիմյանց եւ Ս. Գայանյանց վկայուհիներից”, – նշեց քարոզիչ Հայր Զակքեոսը` հրավիրելով հավատացյալ ուխտավորներին վայելել այն հրաշալի Լույսը, որ շնորհվեց Հայաստան աշխարհին սուրբ կույսերի արյան հեղմամբ, նահատակությամբ եւ մաքրամաքուր բարեխոսությամբ:
Հավարտ Սուրբ Պատարագի Ս. Գայանե վանքի բակում կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնեցին աշխարհի չորս կողմերը եւ ներկա բազմաթիվ ուխտավորներին:
Նույն օրը այս շաբաթ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հավաքի առիթով Հայրենիք ժամանած միաբանները եւ Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին: Հուշահամալիրում, նախագահությամբ Հովնան Սրբազանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն: