“Ժառանգության” ու “Ազատ դեմոկրատների” հարաբերությունները բարիդրացիական են
“Լավ բարիդրացիական համագործակցային հարաբերությունների մեջ ենք, որեւէ խնդիր չկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց “Ազատ դեմոկրատների” հետ հարաբերությունների մասին հարցին:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով “Ժառանգության” ներսում առկա դժգոհությանը, որը մեծապես պայմանավորված է “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” համագործակցությամբ, Արմեն Մարտիրոսյանն ասաց.“Ժառանգությունը” շատ լավ ավանդույնթներ ունի, որից մեկը բազմակարծությունն է կուսակցության ներսում, նույնիսկ եղել են որոշումներ, որ պարոն Հովհաննիսյանի սրտով չի եղել”:
Հիշեցնենք, որ կուսակցության արտակարգ համագումարին երիտթեւի ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը քննադատեց “Ժառանգության” վարչության գործունեությունն ու նշեց, որ խորհրդարանական ընտրություններում “Ժառանգությունը” կրճատեց իր տեղերը “Ազատ դեմոկրատների” հետ համագործակցության պատճառով, որը, երիտասարդի խոսքով` “չունի “Ժառանգության” անբիծությունը”:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում Դանիել Իոանիսյանի ելույթին, բայց կուսակցության մեծամասնությունը չի կիսում երիտասարդի կարծիքը: ”Համամասնական ցուցակի հետ կապված կարծիքները տարբեր են, բայց արդեն ընտրությունները անցել են եւ եթեներով դժվար է խոսել, թե ինչպիսի արդյունք կլիներ: Կա իրավիճակ եւ պետք է որոշումներ կայացվեն առկա իրավիճակից ելնելով: Դա անիմաստ է մեխ դարձնել”,-հավելեց նա: