Թե ինչ է կատարվում գերեզմաններում

Ազգային ժողովում «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման» մասին ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխությունն մասին օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին նախագծի առաջին ընթերցումից հետո արված առաջարկությունների համար՝ նշելով, որ առաջարկների հիմական մասն ընդունվել է։
Ընդունված առաջարկներից մեկն էլ այն է, որ օրենքից հանվել է մանավոր գերեզմանատներում մասնավոր դիահերձարաններ ունենալու պարտադիր պայմանը և գերեզմանի համար տրամադրվող տարածքը կլինի 12-12․5 քառակուսի սանտիմետր։ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ողջունելով նախագիծը, պատմեց իր բնակավայրի՝ Շիրակի մարզի գերեզմանատան իրավիճակը։ «Մենք շատերս ասում ենք, որ գերեզմանները մեզ համար սրբավայրեր են, բայց բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում գերեզմաններում։ Կան համայնքներ, որտեղ գերեզմանատներն անգամ պարիսպներ չունեն։
Օրինակ՝ Շիրակի գերեզմանատանը գերեզմանները հասել են փողոցի բանուկ մասին, իսկ այս օրենքով հստակ կիմանանք, թե ով է պատասխանատու այս ամենը կարգավորելու համար։ Գերեզմաններում ճանապարհներ չկան, և մենք միշտ ասում ենք, որ գերեզմանը մեզ համար սրբատեղի է, սակայն մեր հարազատի գերեզմանին հասնելու համար ստիպված ենք լինում ոտնատակ տալ ուրիշի գերեզմանը»,- նկատեց Հովհաննես Մարգարյանը։