Կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ. Տիգրան Սարգսյանի հարցազրույցը
Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին
Հարց – Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց այժմ պետք է հաջողության հասնեք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մենք ընտրել ենք մի շատ պարզ ռազմավարություն: Մենք պետք է թիրախավորենք այն կարևոր նպատակները, որոնք հաջողություն կբերեն կոռուպցիայի դեմ պայքարում: Միջոցառումները պետք է լինեն ոչ այնքան շատ, սակայն արդյունավետ: Մենք կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսենք վերևից: Մենք թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց և եթե նրանք գործեն հրապարակային, հանրությունը նրանց վերահսկի, նրանց եկամուտները լինեն վերահսկելի, դա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Բացի դրանից, սրանով Հայաստանում վերանում է գործարարների կողմից այդ 500 պաշտոններն զբաղեցնելու ցանկությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի քաղաքական կամքի շնորհիվ մենք մեծ դժվարությամբ այս օրենքն ընդունեցինք Ազգային Ժողովում: Այս տարի առաջին անգամ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը պետք է վերահսկի այս պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերը: Այսօր կառավարության բոլոր անդամները, 131 պատգամավորները, դատավորները և դատախազները հրապարակային կերպով ներկայացրել են իրենց եկամուտների և ակտիվների վերաբերյալ հայտարարգրերը: Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է արձագանքել բոլոր դեպքերին, երբ հանրությունը տեսնի, որ հայտարարագրերը չեն համապատասխանում իրականությանը: Հատկանշական է, որ այդ 500 պաշտոնատար անձանց տվյալների բազան օն-լայն` առնցանց կերպով հասանելի է լինելու հանրությանը: Սրանով մենք առաջին անգամ զսպաշապիկ ենք հագցնում պաշտոնատար անձանց վրա: Իմ համոզմունքով` կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձևը հրապարակայնության ապահովումն է:
Սա օրինակներից մեկն էր, թե ինչու մենք պետք է հաջողության հասնենք: Մեր խոսքը և գործը պետք է համընկնեն և ես համոզված եմ, որ այս տարի լուրջ դեբատներ են մեզ սպասվում այս 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների վերաբերյալ:
Բացի այդ, մենք թափանցիկ ենք դարձրել խոշոր ձեռնարկությունների հաշվետվությունները և քաղաքացիները հնարավորություն ունեն հետևելու, թե որ ձեռանարկությունը որքան հարկ է վճարում: Եթե այս կամ այն օլիգարխի հարկը նվազում է, դա դառնում է հանրության լուրջ քննարկման առարկան;
Առաջին անգամ օրենքով պարտադրել ենք, որպեսզի խոշոր ձեռնարկություններն իրենց հաշվետվությունները հանրությանը ներկայացնեն արտաքին աուդիտի պարտադիր եզրակացության հիման վրա: Սա հնարավորություն է տալիս հանրությանը վերահսկել ոչ միայն խոշոր ձեռնարկություններին, այլև պետությանը, արդյոք վերջինս խոշոր ընկերություններին բերում է հարկային դաշտ, թե ոչ: Այսօր մեր հանրությունը բացատրություններ է պահանջում գործարարներից, թե ինչի հաշվի են նրանք իրականացնում բարեգործություններ, եթե նրանց հարկերը շատ չեն:
Ընդ որում, Հայաստանում գործունեություն են ծավալում արտաքին աուդիտ իրականացնող 20 ընկերություններ, որոնցից 7-ը համարվում են աշխարհի խոշոր ընկերություններից:
Հարց – Պարոն վարչապետ, հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, ինչո ՞ւ այն չի կիրառվում նաև Հայաստանում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պատասխանը շատ պարզ է, որովհետև Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահաջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով մեր հարևանների հետ ունեցած հարաբերությունները: Մենք բարեփոխումներ իրականացնելիս միշտ գնահատում ենք մեր ներքին կարողությունները: Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր այդ ներուժն էապես կրճատում է: Դրա համար ունենք ավելի երկարաժամկետ ռազմավարություն և միգուցե ավելի ցավոտ:
Որն է մեր երկրի խնդիրը: Մենք ունենք մեծահարուստների փոքր և աղքատների մեծ խավ: Իսկ հասարակությունն առաջ տանող ուժը միջին խավն է, որը Հայաստանում այսօր թույլ է: Դրա համար մեր նպատակն է մեծահարուստներին վերցնել հսկողության տակ, նրանց գործունեությունը դարձնել հրապարակային և վերահսկելի, ինչպես նաև բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար` դիտարկելով դա որպես աղքատության հաղթահարման լավագույն ռազմավարություն:
Հարց – Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Որո ՞նք են այցի նպատակները, և արդյոք հայ-թուրքական հարաբերությունների թեման ևս լինելու է քննարկումների օրակարգում (Վարչապետի հարցուպատասխանը տեղի է ունեցել հունիսի 4-ին: Նույն օրը Հայատան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարը):
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Ինչ վերաբերվում է Քլինթոնի այցին, ապա մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեևէ չեն գտնվել այնքան բարձր մակարդակում, որքան նախագահներ Սարգսյանի և Օբամայի օրոք: Դրանք փոխադարձ վստահության մթնոլորտում ձևավորված հարաբերություններ են, չկա որևէ քաղաքական հարց, որի շուրջ չկարողանանք գալ համաձայնության:
Օրակարգում կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Դուք գիտեք, որ Հայաստանը հավատարիմ էր իր բոլոր պարտավարություններին` Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունների վերաբերյալ, և ինչպես դիպուկ նշել է տիկին Քլինթոնը` գնդակն այսօր գտնվում է Թուրքիայի դաշտում:
Ես մտածում եմ, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ: Գաղտնիք չէ, որ Թուրքիան այսօր տարածաշրջանում ունի լուրջ քաղաքական ամբիցիաներ, բայց դա նաև նշանակում է, որ նա պետք է կարողանա կարգավորել իր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Ֆունդամենտալ հարցն այստեղ հետևյալն է. ինչ հենքի վրա է Թուրքիան ցանկանում կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ: Հայաստանի պարագայում, մեր դիրքրոշումը վերջին 20 տարիների ընթացքում եղել է նույնը: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ կարգավորել մեր հարաբերությունները` առանց նախապայմանների, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանը: Ինչպես ցույց տվեց ֆուտբոլային դիվանագիտության արդյունքը` Թուրքիան դրան պատրաստ չէ: Ես կարծում եմ, որ ելք կարող է լինել միայն մի դեպքում, եթե Թուրքիան և իր հարևանները հարաբերությունները կառուցեն միասնական արժեքային համակարգի հիման վրա: Այդ տեսակետից, մենք խիստ շահագրգռված ենք, որ մեր տարածաշրջանի երկրներն իրականացնեն եվրոպական արժեքային համակարգն իրենց հասարակությունների ապրելակերպը դարձնող բարեփոխումներ: Սա է մեր տարածաշրջանի պետությունների համագործակցության և անվտանգության երաշխիքը:
Հարց – Ինչպիսի ՞ն է հայկական Սփյուռքի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հայտնի է, որ մեծածավալ դրամական փոխանցումներ են կատարվում դեպի Հայաստան, և ինչպիսի ՞ն է դրանց ազդեցությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Տրանսֆերտները էական նշանակություն ունեն մեր երկրի համար: Այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա. եթե Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, ապա Հայաստանից դուրս ապրում է վեց միլիոն հայ, իսկ դրամական փոխանցումներ կատարողները վերջին 20 տարում գնացածներն են, ոչ թե այն 4-5 միլիոնը, որոնք Հայոց ցեղասպանության հետևանքով են գտնվում են Հայաստանից դուրս: Խոսքը գնում է հին և նոր էմիգրանտների մասին: Հների 95 տոկոսը երբեևէ չի եղել Հայաստանում և դա իր մեջ մեծ ներուժ է պարունակում, որը կարող է խթանել մեր երկրի տնտեսական աճը: Չնայած նրանք Հայաստանում չեն եղել, նրանք ապրում են Հայկական աշխարհում, ունեն իրենց կուսակցությունները, հայկական դպորցները, եկեղեցիները և այլն: Մենք մշակել ենք այդ ներուժն օգտագործելու նոր ռազմավարություն: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Դրա շնորհիվ մենք հայկական աշխարհում իրականացնում ենք համահայկական ծրագրեր: Մենք ունենք տասնյակ համահայկական կառույցներ, ճարտարապետների, բժիշկների, իրավաբանների միություններ և այլն, որոնք իրականացնում Հայաստանի զարգացմանը միտված ծրագրեր:
Մենք ստեղծել ենք Ազգային մրցունակության խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են Սփյուռքում հաջողության հասած մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Խորհրդի նպատակն է` իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբացահայտեն Հայաստանի մրցունակությունը և մեր երկրիրը կդարձնեն մրցունակ, ինրչպես նաև կխրախուսեն ներդրումները Հայաստանում: Ցանկացած դեպքում մենք պարտավոր ենք բարելավել Հայաստանում բիզնես միջավայրը, որպեսզի ներդրումները լինեն հուսալի և շահութաբեր:
Հարց – Արդյոք Հայաստանը պատրաստվո ՞ւմ է ինտերգրվել ՆԱՏՕ-ին և դառնալ Եվրամիության անդամ: Եթե այո, արդյոք դա չի՞ հակադրվում Ռուսաստանի հետ կապերին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Սա իմ սիրած հարցերրից մեկն է, որը մշտապես տալիս են: Մեր դիրքորոշումը հետևյալն է. Մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ չի կարելի իրար հակադրել: Մենք այս հարաբերությունները տեսնում ենք որպես միմյանց լրացնող հարաբերություններ:
Նախորդ տարի մենք Սանկտ-Պետերբուրգում ստորագրել ենք մեր երկրի համար կարւևոր համաձայնագիր` ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագիրը: Այն մեր առջև բացում է ԱՊՀ երկրների շուկաները և մեր ապրանք արտադրողներն առանց սահմանափակումների կարող են իրենց ապրանքներն արտահանել: Նմատիպ բանակցություններ այսօր վարում ենք ԵՄ-ի հետ` դա Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրն է, եթե այդ այն ստորագրենք, դա կնշանակի, որ եվրոպական շուկան նույնպես կբացվի մեր տնտեսվարողների համար:
Բացի այդ, մենք ունենք ռազմական համագործակցություն ԱՊՀ երկրների և ՆԱՏՕ-ի հետ: Այս պահի դրությամբ մենք այդպիսի քաղաքական նպատակներ չենք դրել` դառնալու քաղաքական նոր միավորումների անդամ: Մենք մեր տարածաշրջանում պարտավոր ենք իրականացնել խոհեմ և հավասարակշռված քաղաքականություն, որն առաջին հերթին հաշվի է առնում մեր քաղաքացիների շահերը և ապահովում է մեր քաղաքացիների անվտանգությունը:
Մեր ռազմավարությունը շատ պարզ է. Մենք չենք կարող որևէ գործողությունների դիմել` առանց քաղաքական հաշվարկների և դրա հետևանքների: Այսօր մենք հայտարարում ենք, որ խիստ շահագրգռված ենք Եվրոպայի հետ ինտերգրման մեջ և դա տեսնում ենք որպես էվոլուցիոն գործընթաց: Ուրախ ենք, որ մեր եվրոպական գործընկերները ըմբռնումով են մոտենում մեր գործողությունները, որովհետև նրանք դիտարկում են ոչ միայն ԵՄ-ի, այլև Հայաստանի շահերը:
Հարց – Թուրքիան իր հարաբերությունները դիտարկում է տարածաշրջանային մասշտաբներով, ոչ թե առանձին երկրների: Ինչպե ՞ս կմեկնաբանեք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Եթե այդպես էր, ապա պետք չէր Շվեյցարիայում ստորագրել արձանագրությունները: Երկար բանակցություններ տեղի ունեցան միջնորդների մասնակցությամբ: Այդ արձանագրություններն ստացան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահողների դրական եզրակացությունը և ստորագրվեցին Թուրքիայի կողմից: Եթե Թուրքիան ունի այլ պլատֆորմ, ապա պետք չէր ստորագրել այդ արձանագրությունները:
Հարց – Շատ բան կարելի է կապել Թուրքիայի հետ, սակայն ինչպե ՞ս կարելի է ձեր ներքին բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը պայմանավորել Թուրքիայի հետ հարաբերություններով (Հարց ադրբեջանցի վերլուծաբանի կողմից):
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Բարեփոխումների ներուժի մասին: Հայաստանն այսօր մի կողմից գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կողմից միջազգային սանկցիաներն Իրանի դեմ խոչընդոտում են նաև մեր տնտեսության դիվերսիֆիկացիան: Դա նշանակում է, որ մենք մեծ ռեսուրսներ ենք ծախսում մեր երկրի անվտանգության ապահովման և տնտեսության դիվերսիֆիկացիայի համար:
Բարեփոխում նշանակում է մարդկանց վարվելականոնների փոփոխություն և դուք ձեր հասարակության ներսում պետք է լուրջ ջանքեր գործադրեք, որպեսզի փոխեք նրանց վարվելականոները: Դա նշանակում է լուրջ ջանքեր, տեխնիկական, ֆինանսական, ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի իշխանությունն այդ փոփոխություններն իրականացնի: Ցավով, մենք այդ ռեսուրսներն օգտագործում ենք այլ նպատակներով, և Թուրքիան դա շատ լավ գիտակցում է և դրա համար էլ շարունակում է շրջափակումը: Նրանք ասում են, որ այդ շրջափակումը շարունակում են, քանի որ բարեկամ Ադրբեջանը ճիշտ չի հասկանա Հայաստանի հետ իրենց հարաբերությունների լավացումը:
Այնպես որ կապը բարեփոխումների և աշխարհաքաղաքական իրավիճակի միջև առկա է: