Նոր պատերազմը 1988-ի շարունակությունը չի լինելու, այն կլինի ավելի արագ եւ մահացու. ամերիկյան վերլուծաբաններ
Ամերիկյան վերլուծաբանները, ովքեր Անդրկովկասի հարցերով մասնագետներ են, անհանգստություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանի խախտման դեպքերի հաճախականության առիթով: Հունիսի 5-ին Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում կայացած մասնագետների հանդիպման թեման էլ հենց սահմանի վրա իրավիճակի սրումն է եղել, հաղորդում է “Regnum”-ը:
Արտաքին հարցերով Ամերիկյան խորհրդի գիտական աշխատակից Ուեյն Մերին կարծում է, որ “պատերազմը ոչ միայն ընթացքի մեջ է, այլ նաեւ ընդունվում է որպես ինչ-որ դրական բան”: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբն ունակ չէ այն կանգնեցնելու:
“Նոր հակամարտությունը 1988-ի շարունակությունը չի լինելու, այն կլինի ավելի արագ եւ մահացու` հաշվի առնելով ռազմական պատրաստվածությունը: Նոր պատերազմը կընդգրկի նաեւ տարածաշրջանային “խաղացողներին”` Ռուսաստանին եւ Թուրքիային: Հակամարտությունը չի սահմանափակվի միայն այդ տարածաշրջանով եւ կտարածվի: Հարցը լուծելու համար մեծ եղբոր ձեռքն է հարկավոր”,-նշել է Մերին` նկատի ունենալով, որ Ադրբեջանը չի գնա այդ քայլին առանց Թուրքիայի մասնակցության:
Քննարկման մեկ այլ մասնակից` Թոմաս դե Վաալը Քարնեգիի հիմնադրամից ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամեն տարի տասնյակ մարդիկ են մահանում ղարաբաղյան հակամարտության տարածքում, հետեւաբար այն չի կարելի “սառած” համարել: Նա ընդգծել է, որ վերջին դեպքերը հերթական անգամ ապացուցում են այդ փաստը:
Եվ դե Վաալը, եւ Մերին կարծում են, որ Թուրքիան կարող է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները` դրանով իսկ դրական օրինակ ծառայելով ղարաբաղյան հակամարտության համար, սակայն առաջին քայլը պետք է Անկարան անի: Մերին կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերափոխվի:
Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Չարլզ Քինգը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է անի այն ամենը, ինչն իրենից է կախված, եւ հասկանա, որ հակամարտության վերսկսումից ոչ ոք չի շահելու: Քինգը եւս եզրակացնում է որ Մինսկի խումբը չի լուծի ղարաբաղյան հարցը: