Ռուսաստանի ազգագրության թանգարանում կներկայացվեն հայկական եզակի ցուցանմուշներ՝ Միլլերի հավաքածուից
Ս. թ. ապրիլի 27-ին, Ռուսաստանի ազգագրության թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը և կկայանա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը և կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաստանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ:
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն Ռուսաստանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները` Միլլերի հավաքածուից:
Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստագործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլհակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից: Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները: Հայկական մշակույթը ներկայացված է նաև արժեքավոր լուսանկարչական նյութերով: Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայոց հոգևոր մշակույթի` քրիստոնեության բաժինը:
«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» կատալոգում ներկայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն: