Մարդու իրավունքները հուսալի ձեռքերո՞ւմ
Այսօր` հունիսի 6-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանում վեց մարզային գրասենյակներից մեկի` Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը:
“Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար եւ կաջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը”,- ասաց դեսպան Սորոկինը, նշելով, որ դա շատ կարեւոր է հատկապես ընտրությունների շրջանում:
Դեսպան Հրիսթեան իր հերթին նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրությունների ընթացքում երաշխավորելուն զուգահեռ` մարզային վեց գրասենյակները հանդես են գալու որպես կենտրոնական գրասենյակի` մարդու իրավունքների “ներկայացուցչական գրասենյակներ:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ողջունեց մասնակիցներին. “Դրական եմ գնահատում մարզային գրասենյակների ստեղծումը: Ուրախ եմ, որ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում գործում են Մարդու իրավունքների պաշտպանի մարզային վեց գրասենյակներ: Միաժամանակ մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մարզային գրասենյակներին ֆինանսապես կօժանդակի նաեւ մեր պետությունը”:
Միջոցառմանը ներկա էին նաեւ մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Տարածքային գրասենյակներ արդեն երկու ամիս է` բացվել եւ գործում են հանրապետության հինգ այլ մարզկենտրոններում եւս` Գավառում, Իջեւանում, Գյումրիում, Եղեգնաձորում եւ Կապանում: Յուրաքանչյուր գրասենյակ ունի երեք աշխատակից` երկուսն իրավաբաններ են, իսկ երրորդը համակարգում է գրասենյակի աշխատանքը:
Մարզային գրասենյակների հիմնադրումը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների` միջազգային ստանդարտներին համապատասխան կատարելագործմանը, որ իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ: