Ժողովրդավար երկրի համար “կիսաավտորիտար” երկրի առաջնորդը չի կարող հիանալի առաջնորդ“ լինել
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամերիկյան “Ֆրիդմ Հաուզ” կազմակերպության վերջին զեկույցի` Հայաստանին առնչվող հատվածը համարում է թերի եւ սուբյեկտիվ: “Ճիշտ է, “Freedom House”-ը հեղինակավոր կազմակերպություն է, բայց այդ նույն կազմակերպության զեկույցը հակասության մեջ է մտնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` ընտրությունների եւ ժողովրդավարության զարգացման վերաբերյալ Երեւանում արված հայտարարության հետ”,- այսօր անդրադառնալով զեկույցին, Henaran.am-ին ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նա նկատել է, որ կիսաավտորիտար երկրում չի կարող ժողովրդավարությունը զարգանալ եւ ԱՄՆ-ի նման ժողովրդավար պետության արտաքին քաղաքականության պատասխանատուն չի կարող Երեւանում հայտարարել, որ ՀՀ առաջնորդը հիանալի առաջնորդ է: “Կարծում եմ, որեւէ ժողովրդավար երկրի համար չի կարող կիսաավտորիտար երկրի առաջնորդը լինել հիանալի առաջնորդ”,-շեշտել է Էդուարդ Շարմազանովը :
Նա նշել է նաեւ, որ “Freedom House” -ը, որն իր զեկույցում հետխորհրդային երկրների վերաբերյալ խիստ կարծիք է արտահայտել, այսուհանդերձ, չի կարողացել չնկատել, որ իրենց ձեւակերպմամբ` չնչին, բայց առաջընթաց կա ժողովրդավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարում:
“Ճիշտ է, ոչ այն չափով, բայց “Freedom House” -ն արձանագրել է, որ այս ոլորտներում կա հստակ առաջընթաց”,- Henaran.am-ին ասել է ԱԺ փոխխոսնակը: Նա զարմանալի է համարել այն, որ ամերիկյան կազմակերպության զեկույցում չի նշվում Հայաստանում մամուլի ազատության մասին: “Ես խորհուրդ կտայի համեմատել, 2007, 2008 թվականների եւ 2012 թվականի քաղաքական կամպանիաները:
Ուզում եմ հարց տալ, որ երկրի պառլամենտական ընտրություններում կա այսքան բազմակարծություն, որ քաղաքական ուժը չի ունեցել թե մամուլի միջոցներով, թե հեռուստատեսությամբ, թե կայքերում իր կարծիքն արտահայտելու իրավունքը: Գոնե մամուլի ազատության առումով, բոլոր դիտորդները միաձայն նշել են, որ այստեղ մենք արձանագրել ենք դրական առաջընթաց եւ եղել է հավասար հնարավորություն բոլոր ուժերի համար”:
Շարմազանովի խոսքով, այս ամենը չարձանագրելը վկայում է զեկույցի թերի եւ ոչ լիարժեք լինելու մասին: Հիշեցնենք, որ “Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, ըստ որի “Հայաստանը կրկին կիսաավտորիտար կառավարումով պետությունների” շարքում է: