ՀՀԿ-ում ոգեւորված են. Առավոտ
Ըստ “Առավոտ” թերթի, ՀՀԿ-ում ոգեւորություն է տիրում: Պատճառն այն է, որ ՀՀ եւ ՀՀԿ ղեկավարությունը միաժամանակ աշխարհաքաղաքական երեք կարեւոր կենտրոններից դրական “մեսիջներ” է ստացել: Փաստորեն` եւ ԱՄՆ-ը, եւ Եվրոպան, եւ Ռուսաստանն ակնարկեցին, որ առաջիկայում ՀՀ իշխանությունն ընդունելի է լինելու իրենց համար: Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Հայաստանում գովերգում էր Սերժ Սարգսյանին` ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է օժանդակել եւ աջակցել Հայաստանի նախագահի շարունակական գործունեությունը` որպես հիանալի առաջնորդ:
Բառացիորեն նույն ժամանակ Եվրոպայում ընդունում եւ գովերգում էին Տիգրան Սարգսյանին` ի դեմս ԵԺԿ նախագահ Մարթենսի, ով մեկ անգամ եւս շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ տարած հաղթանակի եւ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու առիթով: Միաժամանակ, ՀՀԿ-ում շոյված եւ ուրախ են նաեւ ռուսական ժեստից. Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել էր Հայաստանի վարչապետին, քննարկել հետագա համագործակցությունը եւ համատեղ ծրագրերը: