Հաղթական շուրջպար եւ ցավ System of a down-ի համերգին /վիդեո/
«Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես»,-Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ երգում էր Սերժ Թանկյանը: Համերգը քիչ առաջ ավարտվեց: Հանդիսատեսը մինչև վերջին րոպեն երգում էր SOAD-ի հետ:
Սերժ Թանկյանը խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Նա պատմեց իր նախնիների մասին.
«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր էր, երբ …. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ է եղել։ Թուրքիայի կառավարությունը պետք է այս փրկիչներին գովերգի՝ որպես հերոսներ, ոչ թե ժխտի ակնհայտ պատմությունը։ Պապս 5 տարեկան էր, երբ տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը։ ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող Ամերիկյան մանկատանը»:
Սերժը խոսեց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ՝ նշելով, որ «ԱՄՆ-ն սխալ է անում, երբ ուրիշ բառերով է ներկայացնում այն, ինչն իրականում Ցեղասպանություն է»:
Համերգից մի հատված կարող եք դիտել Henaran.am-ի տեսանյութում: