22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքերը կարծել են, թե արմատախիլ են անում Քրիստոսի հանդեպ մեր սերը. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայան Հայոց Կաթողիկոսը խոսք է հղել Հայոց ցեղասպանության նահատակների սրբասաման արարողության ընթացքում: Ներկայացնում են խոսքն ամբողջությամբ:

«Իսկ եթէ նախատիցի՛ք ևս 
վասն անուանն Քրիստոսի,
երանելի՛ էք, զի …Աստուծոյ Հոգին 
ի վերայ ձեր հանգուցեալ է»
(Ա Պետ. Դ 14)։

Սիրելի բարեպաշտ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Քրիստոսակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս նվիրական սրբավայրում այսօր միասնական աղոթքով փառք ենք վերառաքում Ամենազոր Աստծուն իր բոլոր պարգևների համար: Փառաբանում ենք Երկնավորին, որ զորություն տվեց մեր ազգին՝ իր դարավոր պատմության փորձությունները հաղթահարելու, Հայոց Ցեղասպանության արհավիրքներից վեր հառնելու, իր նոր կյանքի հաղթանակներն ու ձեռքբերումները կերտելու: Օրհնաբանում ենք Տիրոջը, որ վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված Ցեղասպանության վկաներին թագադրում է սրբության պսակով ու նրանց բարեխոսությամբ հեղում մեր կյանքին Իր անսպառ ողորմությունները:

Հայոց Ցեղասպանության դժնդակ տարիներին մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ծրագրված կերպով տեղահանվեցին և ջարդի ենթարկվեցին, անցան հրի ու սրի միջով, ճաշակեցին տանջանքների ու վշտի դառը պտուղները, սակայն սոսկալի նեղությունների մեջ, մահվան հանդիման մնացին Քրիստոսի սիրով զորացյալ՝ բերելով վկայությունը անսասան հավատքի՝ համաձայն առաքելավանդ խոսքի. «Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք, քանի որ…Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրայ»: 

Քրիստոսին նահատակությամբ վկայելը ընդելուզված է մեր ժողովրդի կյանքին: Սրբության, առաքինության, անձնվիրումի հոգևոր սխրանքի բազում վկայություններ են արձանագրված նաև Հայոց Ցեղասպանության ողբերգական տարեգրության մեջ: Քրիստոնեական հավատքի համար հալածվող հայորդին աղոթքով է անցել նահատակության ճանապարհը, իսկ նրան անդուլ դաժանությամբ հալածողը կարծել է, թե իսպառ արմատախիլ է անում Քրիստոսի հանդեպ սերը հայի կյանքից: Հիսուս Քրիստոսի համար նահատակ հայորդու արյունը անխախտ հավատքի ու ազգասիրության դրոշմն է դրել անապատի ավազներին, մինչդեռ եղեռնագործը կարծել է, թե հայը անհետ կորչում է պատմության հողմերում:

Քրիստոսանվիրումի և հայրենյաց սիրո նույն այդ ոգով մեր ժողովուրդը հոգևոր և ազգային իր կյանքն է վերակերտել աշխարհի բոլոր կողմերում, վերածնունդ ապրել Արևելյան Հայաստանում՝ մոխիրներից հառնած իր պետության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է զոհողություններով, մաքառումով, մարդկային խղճի ու իրավունքի առջև իր արդար դատը բարձրաձայնելու ջանքերով՝ միշտ աղոթքով հիշելով բյուրավոր վկաներին Հայոց Ցեղասպանության:

Նահատակության պատմությունը պարզ փաստերի ու դեպքերի շարադրանք չէ միայն, այն մեր առջև պարզվող հավատքի Ճշմարտությունն է, որի հանդիման անզոր են հալածանքն ու ոճրագործությունները, քաղաքական խարդավանքն ու դավադրությունները: Նահատակությունը մարդկային կյանքը և պատմությունը կապում է ավելի զորավոր, երկնային մի իրողության հետ, որն անդրանցնում է ժամանակը և ծավալվում դեպի հավերժություն` ըստ տերունական խոստման. «Մի երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. …եղիր հաւատարիմ մինչև մահ, և Ես քեզ կեանքի պսակը պիտի տամ» (Յայտն. Բ 10):

Քրիստոսին վկայած մեր նահատակները մեր հոգու հայացքը երկրային իրողություններից բարձրացնում են դեպի երկնային կյանք, հոգևոր զվարթություն պարգևելով նրանց բարեխոսությունը հայցողներիս և քաջալերելով Տիրոջն ապավինելու, փորձությունների հանդիման չերկնչելու և տերունաշնորհ կյանքն ապրելու հավատքի, հույսի և սիրո գործերով: Ցեղասպանության նահատակներն այսօր երկնքի արքայության լուսեղեն օթևաններում մարտիրոսության պսակով զարդարված՝ արդարության, մարդասիրության, խաղաղության հովանավոր սրբեր են, որոնց բարեխոսությունը երկնքից Աստծո ողորմության և շնորհների աղբյուրն է բացում այնտեղ, ուր տկարանում է արդարությունը, խախտվում են խաղաղության անդորրն ու ապահովությունը, ուր ոտնահարվում են մարդկանց և ժողովուրդների իրավունքները, սպառնալիքներ են հառնում ընդդեմ հասարակությունների բարօր կեցության, մոլեգնում են հալածանքներ հավատքի և ինքնության դեմ: 

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մենք ամենքս այսօր ականատեսն ենք մեր պատմության հոգևոր վերափոխման, որին մասնակից ենք թե՛ հավաքաբար, և թե՛ անհատաբար: Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում` Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն: Այսօր մեր սուրբ նահատակների հավատքի և հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչև Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչև աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ՝ զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով և մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով: 

Այսօր աշխարհի բոլոր կողմերում մեր ժողովրդի աղոթքները միահյուսված են աղոթքներին սրբազան այս արարողության, որին իրենց մասնակցությունն են բերում Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Առաջին Տիկնոջ հետ, Մեր հոգևոր եղբայր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ի Քրիստոս Մեր սիրեցյալ եղբայրները՝ հոգևոր Պետեր և ներկայացուցիչներ քույր Եկեղեցիների, Հայ Կաթողիկե և Ավետարանական Եկեղեցիների բարձրապատիվ ներկայացուցիչները, հայոց և բարեկամ երկրների պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսության անդրանիկ հայցով այսօր Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, 
որ Իր օրհնության ներքո անխռով պահպանի մեր ժողովրդին և համայն մարդկությանը, 
որ հագենա արդարության ծարավի հոգին մեր ժողովրդի,
որ աստվածային ողորմությամբ արդարության և Ճշմարտության շողերը փայլատակեն աշխարհում և ցրեն մարդկության կյանքն ալեկոծող ոճիրների և եղեռնագործությունների խավարը, և եղբայրության ու համերաշխության մեջ մարդկությունը կերտի իր բարօր ու երջանիկ կյանքը: 

Թող սուրբ նահատակների բարեխոսությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ հետ և ամենքի՝ այսօր և միշտ. Ամէն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ