Բյուջեի եկամուտների մասով ավելցուկ ունենք. Գաբրիելյանը ներկայացրեց տնտեսական ցուցանիշները
Այսօր կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց այս տարվա առաջին հնգամսյակի տնտեսական ցուցանիշները: “Գնաճի թիվը կես տոկոս է 12 ամսվա համար` բավականին ցածր կայուն միջավայր գնաճի համար”,-նշեց նախարարը:
Ներկայացնելով մայիսի վերջին ամփոփված չորս ամիսների կատարողականը, Վաչե Գաբրիելյանը նշեց. ”Բավականին բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք` 7.2 տոկոս. այստեղ արդյունաբերության ցուցանիշը կազմում է` 115. 3 տոկոս: Ունենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ, որը եւս վկայում է արդյունաբերական զբաղվածության մասին: Արտահանման ցուցանիշը 117.8 տոկոս է, 2011 թվականի հունվար-ապրիլի համեմատ, ներմուծումը` 108.7 տոկոս է”:
Առաջին հինգ ամիսների ցուցանիշներով պետբյուջեի հարկային եկամուտները եւ սոցապվճարները կազմել են 322 միլիարդ 758 մլն դրամ են, որտեղ հարկերն ու պետտուրքերը կազմել են 272 միլիարդ:
“Մեր ցուցանիշներով, հինգ ամսվա կտրվածքով ՊԵԿ-ը ավել է հավաքագրել մոտ կես միլիարդ դրամի գումար վերջին ամսվա կտրվածքով: Ծախսերը 341 միլիարդ են, դեֆիցիտը` 9.5 միլիարդի կարգի, ընդ որում, եթե նայում ենք պլանավորված ցուցանիշը, ապա կիսամյակի համար ավելին էինք պլանավորել, բայց դեֆիցիտն ավելի փոքր է, որովհետեւ ունենք եկամուտների ավելցուկ եւ ծախսերի թերակատարում, որը պայմանավորված է սեզոնայնությամբ”:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ծախսերի տեսակետից բյուջեն գտնվում է բնականոն ընթացքում, իսկ եկամուտների մասով` ունենք մոտ կես միլիարդի գերակատարում, ինչի հետեւանքով դեֆիցիտի ցուցանիշը մոտ կես միլիարդի շրջանակներում է: