Միացավ մանկավարժական համալսարանին
Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջում այս տարի այլևս ընդունելություն չի լինի: Վերջինս ՀՀ “Հանրակրթության մասին” օրենքում փոփոխությունների արդյունքում լուծարվել է` միանալով Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին: Ուսանողները, ովքեր դեռ կրթությունը չեն ավարտել, չեն տուժի: Նրանք նույն շենքում կշարունակեն դասընթացը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կստանան համապատասխան դիպլոմներ: Այս տարի ուսումնարանն կավարտի 129 ուսանող:
Այս փոփոխության պատճառներից մեկը քոլեջի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Սաֆարյանի հավաստմամբ հոսքի պակասն է:
“Գործունեության նպատակահարմարությունը ոչ մեկի քմահաճույքով չի, ընդամենը օրենքի փոփոխություն է, որովհետև 2018 թվականից հետո միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը էլ չի կարողանա աշխատել: Այսօրվա պահանջներն այլ են: Մենք չենք ուզում մարդկանց խաբել, ավելի լավ է, էս գլխից ասենք”, – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ն. Սաֆարյանը:
Աշխատակազմը, հատկապես երիտասարդ կադրերը, Նաիրա Սաֆարյանի հավաստմամբ գործազուրկի կարկավիճակում չեն հայտնվի: “Մենք նրանց համար անպայման ինչ-որ տարբերակ կգտնենք, որ անգործ չմնան: Մի մասին գուցե համալսարանին կից հենակետային վարժարանում կտեղավորենք”:
Օրենքի համաձայն նույն ճակատագրին են արժանացել նաև հանրապետության նմանատիպ մի շարք քոլեջներ ևս: Մասնավորապես Գյումրու պետական մանկավարժական քորեջը միացել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին, Երևանի N 7 արհեստագործական ուսումնարանը` Երևանի N 9 արհեստագործական ուսումնարանին, Երևանի պետական արդյունաբերական քոլեջը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին, Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջը` Սպիտակի պետական քոլեջին և Սիսիանի պետական հումանիտար քոլեջը` Սիսիանի պետական քոլեջին:
Հիշեցնենք, վերջերս շահարկվում էր, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ու կոսերվատորիան էլ են միանալու մանկավարժականին, ինչը ԿԳՆ-ի կողմից հերքվեց: