13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքերը հավաքում են հայերին, լցնում մարագները և ողջ-ողջ այրում

Տեր-Ավետիս Գրիգորյանի պատմությունը

Մուշ, Ծղակ գյուղ

Արաքսյա Ավետիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Գրիգորյանների ընտանիքի պատմությունը: Թուրքերը, հարձակվելով գյուղի վրա, առաջինների թվում սպանում են նաև Տեր-Ավետիս Գրիգորյանին՝ գյուղի քահանային, թույլ չտալովանգամ հողին հանձնել մարմինը: Այնուհետև թուրքերը հավաքում են գյուղի հայ բնակչությանը, լցնում են մարագները և պատրաստվում ողջ-ողջ այրել:

«Գրիգորյանների ընտանիքը տիպիկ հայկական ընտանիք էր, որ ապրել է Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Ծղակ գյուղում: Ընտանիքը բազմանդամ էր: Ընտանիքի գլուխ կանգնած էր Տեր-Ավետիս Գրիգորյանն իր կնոջ՝ Դիլբարի հետ: Նրանք ունեին վեց երեխա՝ հինգ աղջիկ և մեկ տղա: Աղջիկները, ինչպես շատերն էին պնդում, շատ գեղեցիկ էին, նրանցից իրենց գեղեցկությամբ հատկապես աչքի էին ընկնում Ատլասը, Չիչանը և Հայկանուշը, վերջինին էլ վիճակված էր հետագայում կարևոր դեր խաղալ ընտանիքի փրկության հարցում:

Ապրում էին ժամանակի հայ գյուղացուն բնորոշ կյանքով: Նրանք աղքատ չէին, դա էր վկայում  ծառաներ պահելու փաստը: Տեր-Ավետիսը, սովորելով և ծառայելով հանրաճանաչ Մշո Սուրբ Առաքելոց վանքում, գյուղում և հարակից շրջաններում մեծ հարգանք ու պատիվ էր վայելում: Նա հաջողությամբ ամուսնացրեց իր ավագ դստրերին՝ Ալմաստին, Հերիքնազին և Ատլասին: Այնուհետև միակ որդուն՝ Սեդրակին, ամուսնացրեց գեղեցկուհի Սիրանուշի հետ: Իսկ Չիչանն ամուսնության հարցում չհնազանդվեց հոր կամքին: 

Մի օր, երբ Տեր-Ավետիսը վանքից տուն էր վերադառնում, ճանապարհին գյուղացիներից մեկը հանդիպում է և ասում, որ դուստրը՝ Չիչանը, փախել է տան ծառայողներից մեկի՝ Դավթի հետ: Տեր-Ավետիսը բարկության պահին, ձեռքի Ավետարանը բացելով, անիծում է աղջկան՝ ասելով.«Քո ժառանգն աշխարհքին չհասնի, աչքդ կշտանա, ամբողջ մարմնովդ բորոտես, նոր միայն մահանաս»: Եվ իրոք, թե անեծքն է գործում, թե զուգադիպությամբ, ասում են, հենց այդպես էլ լինում է:

Եկավ արյունոտ 1915-ը, որը խաթարեց ոչ միայն այս ընտանիքի, այլև Արմ. Հայաստանում բնակվող յուրաքանչյուր հայ ընտանիքի անդորրը: Ինչպես ի սկզբանե որոշված էր, ջարդերից անմասն չպետք է մնար երկրի ոչ մի կետ, այդ թվում՝ նաև այս փոքրիկ գյուղը: Եվ ահա սկսվեցին սարսափելի ջարդերն ու կոտորածները: Բառերն անգամ անզոր են ներկայացնելու այն անմարդկային ոճրագործությունները, որ տեղի ունեցան այդ օրերին: Գրիգորյաններից առաջին զոհը հենց ինքը՝ Տեր-Ավետիսը եղավ, քանի որ, ինչպես յուրաքանչյուր վայրում, սկզբում սպանում էին ժողովրդի աշխարհիկ և հոգևոր պարագլուխներին՝ տանուտերներին և քահանաներին: Տեր-Ավետիսը սպանվեց 1915 թվականի սեպտեմբերի 17-ին՝ 67 տարեկան հասակում:

Նրան սպանում են գյուղի հարակից դաշտում և թույլ չեն տալիս հողին հանձնել՝ ի ցույց ամբողջ գյուղի: Ասում են, թե գիշերը լույս է իջնում քահանայի դիակի վրա, որը մահու չափ վախեցնում է թուրքերին, դրանից հետո նրանք թույլ են տալիս թաղել զոհին: 

Այնուհետև հերթը հասնում է ընտանիքին: Թուրքերը հավաքում են գյուղի հայ բնակչությանը, այդ թվում՝ նաև Սեդրակին և իր ընտանիքին, լցնում են մարագները և պատրաստվում ողջ-ողջ այրել:

Այդ պահին գալիս է քուրդ շեյխ Նադըրը, որը երկար ժամանակ սիրահարված է եղել Տեր-Ավետիսի կրտսեր աղջկան՝ տասնչորսամյա Հայկանուշին, մի քանի անգամ խնդրել է նրա ձեռքը, բայց մերժում է ստացել: Այդ ժամանակ նա, օգտվելով առիթից, Դիլբարին ՝ Հայկանուշի մորը, առաջարկում է իր աղջկան իրեն կնության տալ և փոխարենն ազատություն ձեռք բերել, բայց Սեդրակը՝ Հայկանուշի եղբայրը, չի համաձայնում, չի ցանկանում քրոջ երջանկության հաշվին փրկել իր կյանքը: 

Դիլբարը որոշում է հանձնել Հայկանուշին և փրկել իր միակ որդուն՝ օջախի ծուխը շարունակողին: Դիլբարը Հայկանուշին տալիս է Նադըրին և օրհնում նրանց: Նադըրը իր խոսքի տերն է լինում և օգնում է նրանց փախչել Արևմտյան Հայաստանից՝ անցնել Արաքս գետը: Այլևս ոչ ոք ոչինչ չի լսում ո՛չ Հայկանուշի, ո՛չ էլ իր մյուս քույրերի ճակատագրի մասին:Միայն մի անգամ մի մարդ է հանդիպում, ով պնդում է, թե Ծղակից է եկել և, երբ հարցնում են Հայկանուշի մասին, ասում է, որ միշտ նրա սենյակից ողբ ու լացի ձայն է լսվել և մի օր էլ նրան առաստաղից կախված են գտել իր սենյակում: Այսպես տասնչորսամյա Հայկանուշը իր կյանքը զոհում է հանուն եղբոր և իր ընտանիքի փրկության: Ինչ վերաբերվում է Սեդրակին և իր ընտանիքին, նրա մայրը մահանում է Թալինում և թաղվում տեղի եկեղեցու բակում: Իրենց վերջնական բնակավայր՝ Դաշտադեմ(Ներքին Թալին) հասնում են միայն Սեդրակն ու իր կինը՝ Չիչանի և ամուսնու հետ: 

Այստեղ տունտեղ հիմնելուց հետո արդեն, Գյումրիում գտնվող «Ամերիկյան» որբանոցից նրանց լուրեր են հասնում գաղթական որբերի մեծ խմբի մասին: Ցուցակները նայելիս ծանոթ անունների է հանդիպում և մտածելով, որ հնարավոր է հարազատներից լինեն, գնում է որբանոց: Երկար որոնումներից հետո գտնում է իր քեռու զավակներից Ալմաստին և Ղուկասին, ինչպես նաև իր քրոջ ՝ Ատլասի որդի Գրիգորին, որոնց Սեդրակը որդեգրում է և պահում հարազատ զավակների նման: Գրիգորը,ուսում ստանալով, աշխատում է որպես ստալինյան շրջկոմի առաջին քարտուղար, Հայաստանի կոմսոմոլի կենտկոմի երկրորդ քարտուղար և «Հայ գրքի» տնօրեն: 

Չիչանը և Դավիթը ունենում են երկու տղա: Առաջին տղան, մեկ տարին չլրացած, գայլի բաժին է դառնում, իսկ մյուս տղան տասնյոթ տարեկանում ընկնում է հեծանիվից, գլուխը հարվածում քարին և մահանում: Որոշ ժամանակ անց նրանք որդեգրում են Սեդրակի որդիներից Արտավազդին և պահում: Չիչանը բորոտությունից տանջվելով՝ մահանում է ծայրահեղ աղքատության մեջ: Սեդրակն ունենում է հինգ տղա՝ Արտաշես, Թորգոմ, Հարություն, Արտավազդ, Երվանդ և մեկ աղջիկ՝ Սաթենիկը: Տղաներից մեկը՝ Երվանդը, խաղալիս ընկնում է պարիսպից և մահանում: Սեդրակի որդիներն ունենում են իրենց որդիները, նրանք էլ իրենցը, և այդպես շարունակվում է այն օջախի ծուխը, որը փորձեց հանգցնել ոճրագործ թուրքը»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ