03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան «գազազած» է

Հռոմի Պապի Սուրբ պատարագի ժամանակ հնչեցրած «21-րդ դարի առաջին  Ցեղասպանություն» արտահայտությանը հաջորդեց Եվրախորհրդարանի ընդունումը և կոչը Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, համակերպվել անցյալի հետ և ուղի հարթել երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում: 

Միջազգային հարթակում արձանագրված նման զարգացումները և հաջորդող ճնշումները Թուրքիայի նկատմամբ խառնաշփոթ առաջացրեցին Թուրքիայի քաղաքական վերնախավում՝ առաջացնելով էմոցիոնալ, հաճախ չհաշվարկված հայտարարությունների ալիք:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ ինչ որոշում էլ, որ կայացնի Եվրախորհրդարանը, Թուրքիան կարհամարհի այն, քանի որ իրենց համար անհնարին է նման «մեղք և հանցանք» իրենց վրա վերցնել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ, իր հերթին, մեղադրեց Եվրախորհրդարանին «հայկական քարոզչության»-ը տրվելու, «պատմությունն ու օրենքը խեղաթյուրելու», Թուրքիայի և մուսուլմանական աշխարհի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ:

Որպես ժխտողականության քաղաքականության առավել պարզունակ դրսևորում՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ առաջին աշխարհամարտի շրջանում: Դավութօղլուն նաև նշել է, որ ապրիլի 24-ին Թուրքիայում կրոնական արարողությամբ` հայկական պատրիարքարանում կհիշեն օսմանյան հայերին:

Հետաքրքրական է, որ անցյալ տարի Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանը, ով այն ժամանակ վարչապետ էր, ապրիլի 23-ին նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ:

Ի հակասումն երկրի բարձրաստիճան այրերին, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչն ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ միտումնավոր և նպատակային ցեղասպանություն թուրքերը չեն իրականացրել:

Չի՞ նշանակում արդյոք սա այն, որ Թուրքիայի վերնախավը ևս սկսում է ընդունել Հայոց ցեղասպանության անհերքելի իրողություն լինելու հանգամանքը. Վերջինիս ընդունումը ավելի ու ավելի անխուսափելի է դառնում միջազգային հանրության արդարության ձայնի կոչի բարձրության ներքո:

Հասմիկ Այվազյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ