28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ժամանակն է հրաժարվել

Անցյալ դարի իննսունական թվականներից Հայաստանի բարձրագույն կրթական հա­մակարգի բարե­փոխումները սկսվեցին բուհերում արևմտյան համալսարաններին բնորոշ որոշակի տարրերի ներդ­նումով և կառուց­վածքային փոփոխություններով, սակայն դասավանդման մեթոդները մնացին հինը՝ պահպանելով խորհրդային դասախոսությունների անցկացման ձևը և բովանդակությունը:

Ներկայումս էլ այս հիբրիդային  իրավիճակը պահպանվում է՝ իսկ դրանք իրար անհամատեղելի են և ոչ արդյունավետ: Մոտավորապես նույնն է վիճակը պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների զգալի մասում: Բուհերում ներդրված եռաստիճան ուսուցման համակարգը, գնահատման կրեդիտային համա­կարգը և նմանատիպ այլ փոփոխությունները դեռևս շոշափելի արդյունք չեն ապահովում և չեն նպաստում շրջանա­վարտների որակական մակարդակի բարձրացմանը:

Հին դասավանդման մեթոդներ ասելով նկատի ունենք այն, որ դասախոսություններում շեշտը ավելի շատ դրվում է դասախոսի միակողմանի աշխատանքի վրա, որն էլ հիմնականում մեր բուհերում ընթանում է թելադ­րու­թյան տեսքով և նվազագույնի է հասցված ուսանողի ակտիվությունը և ինքնուրույն աշխատանքը: Իհարկե դրա ֆորմալ բացատրությունը նույնպես կա՝ դա լաբորատոր բազայի, մասնագիտական պրակտի­կայի, դասավանդմանը նպաստող ժամանակակից տեխ­նոլոգիական միջոցների, հայերեն լեզվով գիտական և մասնագիտական գրականության պակասն է և որոնց արդյունքում դասախոսը ստիպված է լինում այդ բացը փոխհա­տուցել ծավալուն դասախոսությունների միջոցով, արդյունքում գերիշխում է տեսական ուսուցումը :

Իսկ կուրսային նախագծերը, առաջադանքները և դիպլոմային աշխատանքները կամ հիմնականում խիստ կանոնակարգված են և հրահան­գավոր­ված, որի արդյունքում ուսանողները կատարում են մեծա­մասամբ մեխանիկական աշխա­տանք, կամ վերացական են, որտեղ համացանցից պատրաստի աշխա­տանքները «copy past»-ի միջոցով հայտնվում են դասախոսների սեղանին: Արդյունքում նորից ուսանողների մոտ թույլ է զարգանում ինքնուրույն աշխատանքը և ստեղծագործական մտածողությունը:

Խորհրդային դասավանդմանը բնորոշ առանձնահատկություններից էր այն, որ դասախո­սու­թյուն­նե­րի հիմքում գերիշխում էին դեդուկտիվ (արտածման) ճանաչողության մեթոդները, որն իներց­իայով փոխանց­վել է նաև ներկա­յիս հայկական դասավանդման դպրոցին: Դեդուկտիվ ճանաչողական հիմքի վրա հիմնված դասավանդման համա­կարգը ենթադրում է, որ դասախոսը դասի ընթացքում միանգամից ասում է «ճշմար­տությունը», որտեղից էլ կատարվում են մասնավոր եզրահանգումները՝ այսինքն շարժվելով ընդհա­նուրից դեպի մասնավորը (փաստերը) տրամաբանությամբ: Բնականաբար այս մեթոդը ոչ բոլոր առարկաների դասընթացների համար է արդյու­նավետ և այստեղ պետք է զգուշորեն մոտենալ նյութը ուսանողին մատչելի դարձնելու համար:  

Իսկ ամերիկյան կրթական համակարգում դասավանդման հիմքում լայնորեն կիրառվում են ինդուկտիվ (մտաեզրահանգման) ճանաչողության մեթոդները, որն ենթադում է, որ մասնավոր երևույթների և փաստերի օգնությամբ դասախոսը ուսանողների հետ համատեղ է հանգում ընդհանուրին կամ «ճշմարտությանը»: Սա նույնպես իր հերթին իր առավելություններն ու թերություններն ունի՝ և դասընթացի, և մատուցվող նյութի թեմայից կախված դասախոսը պետք է զգուշորեն ընտրի դասի վարման մարտավարությունը, շատ հաճախ նույնիսկ համադրելով այս երկու ճանաչողության մեթոդները դասընթացները կազմելիս:

Իմ կարծիքով բնագիտական և տեխնիկական դասընթացներում ավելի գերադասելի է դեդուկտիվ, իսկ տնտեսա­գիտա­կան, քաղաքագիտական կամ հումանիտար դասընթացներում ավելի շատ ինդուկտիվ մեթոդ­ների օգտագործումը, որոշ դեպքեում նաև դրանց համատեղումը:

Տարբերությունը լավ հասկանալու համար բերենք համեմատական օրինակ: Դեդուկտիվ ճանաչո­ղու­թյան մեթոդներով ղեկավարվող դասախոսը միտքը այսպես է ձևակերպում՝ օրինակ, ներգաղթյալների թվի ավելացումը որևէ երկրում  դա լավ է (կամ վատ է), որովհետև դա ունի հետևյալ օգուտնեը կամ վնասները և թվարկում է դրանք: Այստեղ դասախոսի սուբյեկտիվ կարծիքն է հնչում, որը որպես «ճշմարտություն» փոխանց­ում է ուսանողներին (իր եզրահանգումներով հանդերձ):

Ինդուկտիվ ճանաչողության մեթոդներին նախա­պատվություն տվող դասա­խոսը առաջարկում է ուսանողներին թվարկել այն դրական և բացա­սա­կան կողմերը, որոնք կարող է ունենալ երկիրը ներգաղթյալների հոսքի մեծացումից և արդյունքում լսարանը կամ համատեղ է հասնում է որևէ եզրահանգման արդյո՞ք ներգաղթի ծավալների մեծացումը դա լավ է թե ոչ, կամ յուրաքանչյուր ուսանող ինքնուրույն է կարողանում ձևավորել իր կարծիքը:

Գաղտնիք չէ, որ խորհրդային կրթական համակարգի հիմքում ընկած են եղել գերմանական կրթական համակագի սկզբունքները, որի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ դասախոսը (պրոֆե­սորը) ամբողջ դասաժամի ընթացքում կարդում է իր դասախոսությունը, ապա հարցերի համար հատկացված փոքր ժամանա­կա­հատվածում պատասխանում ուսանողների հարցերին:

Իսկ գործնական և լաբորատոր պարապ­մունքները ենթադրում են ուսանողի ավելի ակտիվ մասնակցություն դասերին: Այս համակարգը ընդհան­րա­պես արդյունավետ է, լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում, սակայն հիմնա­կան թերությունը այն է, որ ուսանողը դասախոսության ընթացքում երկար ժամանակ պասիվ նստելով հոգ­նում է և մատուցված նյութը ընկալելու աստիճանը խիստ նվազում է, դրանով նվազում է նաև դասավանդման արդյունա­վետությունը:

Այսօր, Հայաստանում 15-20 հոգանոց ուսանողական խմբերում դասախոսի մատուց­ած նյութը յուրացնում է միջինը 3-5 հոգի, իսկ այդ նյութը յուրացրած ուսանողներն իրենց հերթին ընկալում են դասախոսի հաղորդած նյութի 75-80 տոկոսը, այն էլ լավագույն դեպքում: Այսինքն, ըստ էության դասախոսը հիմնականում աշխատում է այդ 3-5 ուսանողի համար, իսկ դա վկայում է դասավանդման ցածր ադյունա­վետության և փոշիացվող միջոց­ների մասին:

Հետաքրքիր է այն, որ մոտավորապես այսպիսի վիճակագրություն  է եղել նաև ամերիկյան համալ­սարաններում երկու տասնամյակ առաջ, որն էլ պատճառ դարձավ, որ անցած դարի իննսունականներին ամերիկա­ցիները բարեփոխումներ իրականացնեն իրենց բարձագույն կրթական ոլորտում և արդյունքում բավականին բարելավեցին կրթության վիճակը,  որը սակայն չի կարելի ասել ամերիկյան միջնակարգ կրթական համակարգի մասին:

Նրանց բարեփոխումների հիմնական նպատակները ձևակերպվեցին այսպես՝ լսարանում առավելագույն թվով ուսանողների ընդգրկում գործընթացի մեջ և ամեն ուսանողի կողմից նյութի առավելագույն յուրացում: Իսկ դա հնարավոր եղավ իրականացնել ինտերակտիվ դասա­վանդման եղանակների կիրառությամբ դասընթացներում:

Analysis, criticism, creativity (վերլուծություն, քննադատություն, ստեղծագործելու ունակություն) ահա սրանք են պահանջվում ուսանողից ակտիվ քննակումների ժամա­նակ: Արդյունքները բավականին տպա­վորիչ են և արդեն մեկուկես տասնամյակ է, որ եվրոպական, այդ թվում նաև գերմանական համալսա­րանները նույնպես անցնում են դասավանդման ամերիկյան մոդելների, այդ թվում ինտերակտիվ մեթոդների ակտիվ կիրառմանը:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում ինտերակտիվ մեթոդները: Պարզության համար բերենք օրինակներ, այսպես ամերիկյան մի համալսարանի հայտնի պրոֆեսորներից մեկը հպարտությամբ հեռուս­տա­տեսությամբ հայտարարում էր, որ իր դասաժամի 85%-ը ուսանողներն են խոսում, մնացած 15%-ը ինքը: Մեկ այլ պրոֆեսոր սիրում էր իր դասերին հրավիրել տվյալ թեմային առնչվող ոլորտի հայտնի մասնագետներին, որոնք էլ կարդում էին այդ դասախոսությունը, արդյունքում այդ պրոֆեսորի դասախոսությունների 80%-ը ներկայացնում էին տարբեր մասնագետները:

Մեկ այլ պրոֆեսոր նախընտրում էր իր դասախոսությունների ընթացքում տարբեր ֆիլմեր ցուցադրել, ապա վերջում ընթանում էր այդ ֆիլմի քննարկումը: Մեկ այլ պրոֆեսոր նախընտրում էր տարբեր թեմաներով գրքեր հանձնարարել ուսանողներին, ապա հաջորդ դասի ընթացքում այն քննարկել:

Մեկ ուրիշը նախընտրում էր լսարանը փոքր խմբերի բաժանելով խաղային իրավիճակներ ստեղծել: Իսկ այլ պրոֆեսոր պարզապես գերադասում էր ամբողջ դասին ինքը խոսել, չընդունելով ինտերակտիվ դասավանդման սկզբունքնեը: Ինձ մի ծանոթ դասախոս էլ նախընտում էր մի քանի մեթոդ­ների համատեղումը մեկ դասախոսության ընթացքում:

Եվ այսպես այդ մեթոդները բազմազան են և հնարավոր է համակցել: Հետո հատուկ խմբակներում, ակումբներում, նաև համացանցային բլոգներում ուսանողների ակտիվ մասնակցությամբ դասախոսները քննար­կում են իրենց knowhow-ները դասավանդման ոլորտներում և փորձի փոխանակում կատարում: Սակայն շատ են լինում տնային հանձնա­րությունները, կուրսային աշխատանքները, նաև պրակտիկանեը, այսինքն բավակա­նին մեծ ինքնուրույն աշխատանքների տեսակարար կշիռը ամերիկյան կրթական համակագում և հակվածությունը դեպի իրական (real) ուսուցումը: Արդյունքում ուսանողների ուսուցման արդյունա­վետությունը բավականին մեծանում է, իսկ դա են վկայում հենց ուսանողները, գործատուները և կրթության ոլոտնեը հետազոտող այլ մասնագիտացված կառույց­ները:

Ամենակաևորը այն է, որ այստեղ բոլոր եղանակներն էլ ունեն իրենց լավ ու վատ կողմերը, սակայն մի դասախոսի կիրառած եղանակի հնարավոր բացասական կողմերը փակվում է մյուս մեթոդի դրական կողմերով: Այսինքն ամերիկյան համալսարանների դասավանդման մեթոդիկայի տրամաբանությունը դա դասավանդման բազմազանությունն է և դասախոսի ազատությունը, որն ինքն է որոշում, թե ինչպես պետք է ճիշտ անցկացնի իր դասը: Դա էլ իր տրամաբանությունը ունի, եթե համալսարանը դասախոսին ընդունել է աշխատանքի, ապա պետք է վստահի նրան:

Ընդունենք, որ համենայն դեպս այս դասավանդման եղանա­կաները ավելի նախընտելի են, քան պարզապես միակողմանի կերպով դասախոսություն կարդալը (ինչու չէ սա էլ իր բազմաթիվ դրական կողմերը ունի): Նաև սա է ենթադրում Բոլոնիայի հռչակագրի դրույթները, որին արդեն մի քանի տարի է միացել է Հայաստանը և այդ ուղիով է շարժվում ժամանակակից աշխարհը:

Արդեն ժամանակն է հրաժարվել դասախոսությունները թելադրելու հնացած ավանդույթից, պետք է լայնորեն օգտագործել Online և Distance Learning հնարավորությունները, բուհերի ինքնավարությունը այս հարթության վրա պետք է մեծացվի, պետք է խրախուսվի, որ մեր բուհերը և դասախոսները լայնորեն օգտագործեն նորագույն կրթական տեխնոլոգիաները և  դասավանդման նորարարությունները, ինչու չէ ստեղծեն նաև սեփական նոր դասավանդման մեթոդները: Հենց դասավանդման բարելավումից պետք է սկսվի կրթական համակարգի առողջացումը:

Ս. Մանուկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ