07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդկանցով լի եկեղեցին այրել են՝ ամուր փակելով դռները

Մովսես Կիրակոսյանի պատմությունը

1887 թ., Մուշ, Վարդենիս գյուղ

87-ամյա Ծովինար Կիրակոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր ու մոր պատմությունը: Նրանք երկուսն էլ ապրել են Մուշի Վարդենիս գյուղում, որտեղ կոտորածը սկսվել է 1915 թվին՝ Վարդավառի օրը: Գյուղը հայտնվել է շրջապափակման մեջ, ժողովուրդըփորձել է փրկություն գտնել եկեղեցու ներսում, սակայն եկեղեցին այրել են՝ ամուր փակելովդռները:

«Հայրս՝ Մովսես Մանուկի Կիրակոսյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշի Վարդենիս գյուղում 1887-ին: Հայրս ունեցել է երկու քույր՝ Ալդուզ, Մարո, և եղբայր՝ Աղաջան: Սովորել է Վարդենիսի դպրոցում, ստացել քառամյա կրթություն: Ըստ նրա պատմածի, հայերի բնաջնման ծրագիրը ներառել է բնակչության իսպառ ոչնչացում, հատկապես մանկահասակ տղաների ու աղջիկների: Գործելու ազատություն էր տրվել քուրդ խուժանին, նրանք կարող էին թալանել, սպանել, գերեվարել, տիրանալ հայերի տանն ու ունեցվացքին: 

Վարդենիսն ունեցել է ինքնապաշտպանական ջոկատ, որը գյուղից հարավ ճակատ է կազմել թուրքական բանակի դեմ: Կոտորածը սկսվել է 1915 թվին՝ Վարդավառի օրը: Քրդերը խուժել են գյուղ հյուսիսից: Առաջին զոհն է դառնում գյուղի քահանան Տեր Հարությունը: Տղամարդիկ բոլորը գյուղից դուրս էին, հարավից սկսվում է ասկյարների գորհը: Գյուղը հայտնվում է լրիվ շրջապափակման մեջ, ժողովուրդը փորձում է փրկություն գտնել եկեղեցու ներսում: Եկեղեցին այրում են՝ ամուր փակելով դռները: 

Կոտորածը, քրդերի թալանը, տևում է մի քանի օր: Հրաման կար ոչնչացնել բոլորին: Կանանց, ծերերին, երեխաներին լցրել են գոմերի մեջ և այրել: Փրկվել են նրանք, ովքեր հասցրել են հասնել շամբ: Շամբը Վարդենիսից հարավ արևելք, անտառապատ, ճահճակալաց տարածք է եղել: Քրդերը տանում էին ամեն ինչ՝ ունեցվածք, ջահել կանանց և աղջիկներին, տղաներին՝ հետագայում վաճառելու նպատակով: 

Այդ օրը եկեղեցում կենդանի այրվում է նաև հորս մայրը՝ Զմրուխտը, իսկ Աղաջանն անհայտ կորում է:
Մայրս՝ Բրաբիոն Պողոսի Ամիրյանը, ծնվել է Մուշի Վարդենիս գյուղում 1901-ին: Մայրիկիս ընտանիքը Մուշում հարգված և հայտնի ընտանիքներից էր: Մայրիկիս հորեղբայրը՝ Մարգար Ամիրյանը, (վարժապետ Մարգար) կախաղան է բարձրացվել 37 տարեկանում, նա եղել է ազգային ազատագրական պայքարի ակտիվ ղեկավար և մեծ հարգանք է վայելել ոչ միայն հայ, այլև քուրդ ժողովրդի շրջանում: Նա գտնում էր, որ հայերը և քրդերը պետք է միասին դուրս գան օսմանյան լծի դեմ:

Ըմտանիքում երեք երեխա է եղել, մայրս, Սեդրակ եղբայրը և քույրը՝ Հեղինեն: Հեղինեն ամուսնացած է եղել, ունեցել է մեկ տղա: 1915 թ.-ի Վարդավառի օրը, առավոտյան, քրդական խուժանը հարձակվել է գյուղի վրա: Գյուղում մնացել էին միայն ծերերն ու երեխանեը: Սկսել են անզեն բնակչության կոտորածը: Մտնում էին տներն ու անխնա սպանում բոլորին: Տատս բռնում է մայրիկիս ձեռքից և քաշելով տանում է եկեղեցի ասելով՝ «Արի բալես, արի, ժամի պատերը հաստ են քրդերը չեն կարող քնդել»: Ամբողջ գյուղը կրակի ու հրի են տալիս, բոլոր կողմերից լսվում են կրակոցներ, գոռում գոչյուն, ճիչ աղաղակ, լաց ու կոց: Մայրս պատմում էր՝ 

«Ես չէի ուզում գնալ ու մի պահ մորս ձեռից փախա ու մտա փողոցի կողքի պարիսպի մեջ բացվաց անցքի մեջ, ճալվի ծակ, որտեղից անասունների կեղտաջրերն էին հոսում: Ինձ տեսան երկու ասկյար, փորձեցին կրակել, բայց գնդակը լռվեց հրացանի փողի մեջ, մոտ չեկան որովհետև շուրջ բոլորը նեխած ջուր էր ու բարձր աճած եղինջներ: Կես գիշերին ես թաքստոցից դուրս եկա և փախա գյուղից դեպի սարերը, հանդիպեցի մեր գուղից մի ծեր, կաղ կնոջ: Հաջորդ օրը մեզ տեսան քուրդ կանայք, բռնեցին որ հանձնեն թուրքերին, դրա համար նրանք փող էին ստանալու: Մենք սկսեցինք խնդրել նրանց մեզ բաց թողնել, նրանցից մեկը ինձ ճանաչեց, մի օր նրանք եկել էին մեր տուն երկանքով ձավար աղալու, ես նրանց օգնեցի: Նրանք, հիշելով այդ դեպքը, ինձանից վերցրեցին իմ ուլունքները, իսկ ծեր կինը տվեց իր արծաթից գոտին ու հեռացան: Քիչ հետո մենք նկատեցինք որ դեպի մեզ են շարժվում մի քանի ձիավոր ասկյարներ. մեր տեղը մատնել էին: Մենք սկսեցինք փախչել, իսկ ասկյարները՝ կրակել մեր հետևից, ծեր կինը սպանվեց, իսկ ես կարողացա փախչել դեպի շամբ: Իմ դեմքն ու ոտքերն ամբողջովին արյունլվա էր դարձել մացառներից ու քարերից, մի կերպ հասա շամբ, որտեղ գտա իմ հորն ու եղբորը: Մեծ քրոջս՝ Հեղինեին, երեխայի հետ քրդերն առևանգել էին, իսկ ամուսնուն և ընտանիքի մյուս անդամներին սպանել»: 

Հայրս և մայրս ծանոթացել են գաղթի ճանապարհին և բնակություն հաստատել Ախուրիկ գյուղում, ունեցել ութ երեխա»:

Աղբյուր՝ ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ